կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-25 17:27
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեռական ոլորտը քաղաքականացված է. սեքսապաթոլոգը ազգայինի կողմնակից է

Սեռական թեմաներին վերաբերող նյութերը քաղաքականացված են, այսինքն՝ ծառայում են որոշակի քաղաքական ուժերի շահերին` Yerkir.am-ի հետ հարցազրույցում առանցքային խնդիր է բարձրացնում սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանը:

Այս նույն միտումը, նրա համոզմամբ, տեսնում ենք նաև գիտության մեջ, երբ ֆինանսավորվում են որոշակի հետազոտություններ, որոնց միջոցով փորձում են ապացուցել տվյալ քաղաքական ուժի ճշմարտացիությունը:

Ինչ խոսք, սեռական դաշտը պետք է ինչ-որ ձևով վերահսկելի լինի, որովհետև սեռականությունն այնպիսի ոլորտ է, որը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել, եթե լինի անկառավարելի և անվերահսկելի:

Ինչպե՞ս, ի՞նչ արժեքներով վերահսկել սեռական դաշտը, որպեսզի պահպանենք և՛ անհատի առողջությունը, և՛ տվյալ սոցիումի ամբողջականությունը: Կախված նրանից, թե վերահսկման լծակներն ում ձեռքին են, կարող են գովազդվել այնպիսի արժեքներ, որոնք ասում են, որ, օրինակ, սեռական ազատությունն այն հիմնական գրավականն է, որով որոշվում է անձի ինքնիշխանությունը, մարդը պետք է ինքը որոշի, թե ինչպես է տնօրինում իր կյանքը, իր սեռականությունը և այլն, բայց, մյուս կողմից, կան մշակութային տարբերություններ, օրինակ՝ հայը, որպես էթնիկ միավոր, ունի այլ մշակութային արժեքներ, եվրոպացին կամ ռուսը՝ այլ, և այստեղ էլ նրանք միմյանցից տարբերվում են իրենց սեռական կյանքը ինքնավերահսկելու հարցում:

Ո՞ր տարիքից կարելի է երեխային տալ սեռին և սեռականությանը վերաբերող գրականություն: Բժիշկ-սեքսոպաթոլոգը մատնանշում է 16 տարեկան հասակը: Այս դեպքում էլ երեխային պետք է տալ ոչ ամեն տեսակի գիրք:

Սեռականության թեմաները խիստ մշակութային պետք է լինեն, այսինքն՝ պետք է համեմված լինեն մշակութային արժեքներով: Այն գիրքը, որը պետք է կարդա հայը, պետք է տարբերվի այն գրքից, որը կկարդա եվրոպացին կամ ամերիկացին, որովհետև այն, ինչը կարող է մեր մշակույթին հարիր չլինել, կարող է մեզ վնասել:

Սեռականությունը պետք է միանշանակ վերահսկելի լինի, և այսօրվա ֆեմինիստական և հոմոսեքսուալիստական շարժումների պայքարը հենց այդ վերահսկելիությունը վերացնելու համար է, այսինքն՝ ով ում հետ ցանկանա, երբ և որտեղ ցանկանա՝ ունենա սեռական հարաբերություններ, բնականաբար, սա կհանգեցնի քաոսի: Այս ամենը բացառելու համար սեռականության ոլորտում պետք է լինի որոշակի նորմ, կանոն, արժեք, որպեսզի այս ամենը դառնա վերահսկելի:

Վերահսկման ի՞նչ մեխանիզմներ օգտագործենք: Եթե անդրադառնանք կրոնին, որն ասում է՝ սեռական հարաբերությունը մեղք է, դա կհանգեցնի հիվանդության: Վերահսկենք գիտությա՞ն միջոցով, դա էլ  չէ, որովհետև գիտությունն էլ է քաղաքականացված՝ նայած, թե ով է այդ գիտությունը ֆինանսավորել: Սեռական վերահսկողության համար գոյություն ունի մշակույթ, դարերից եկած արժեքներ, որոնք ապացուցել են դրանց կենսունակությունը, և հայ ժողովուրդը, լինելով հին ժողովուրդ, եկել հասել է մեր օրերը հենց այդ արժեքների, նաև՝ սեռական դաշտում ձևավորված արժեքների շնորհիվ:

Հիմա եթե այս ամենը մենք ունենք, որը շատ լավ վերահսկվում է, ձևավորված են կին-տղամարդ հարաբերությունները, կնոջ ազատությունը, կնոջ մեծարանքը, հայ ընտանիքում չկա կնոջ հանդեպ բռնություն, կինը ավանդաբար մեծարվել է և արժանացել բարձր հարգանքի, եթե այս ամենի հենքի վրա վերահսկենք սեռականությունը, մենք որևէ սեռական խնդիր չենք ունենա, և ավելի քիչ պատմություն ունեցող, հայերից ավելի նոր ազգերը այս հարցում բան ունեն սովորելու մեզանից:

«Մենք պետք է պարզապես վերհիշենք ու պահպանենք դարերից եկող մեր մշակութային արժեքները: Ցավոք, երբ ես ասում եմ ավանդական ընտանիք, միշտ գրոհ է լինում, և բերվում են՝ «ծեծված կին», «բռի, կնոջը ծեծող կամ չհարգող տղամարդ», կամ՝ կին, որը խոհանոցից դուրս չի գալիս ու անընդհատ աման է լվանում, և տղամարդ, որը աջ ու ձախ ման է գալիս: Էսպիսի բաներ չկան, սա չէ հայկականը, սա վերջին տասնամյակներին բնորոշ, չգիտեմ՝ որտեղից եկած և մարդկանց գիտակցության մեջ մտցրած, շփոթմունք առաջացնող, չի բացառվում՝ էլի քաղաքականացված գիտությամբ արհեստականորեն ներմուծված երևույթներ են, որպեսզի հարվածը գնա հենց՝ սեռականության ազատականացում և ազգի վերացում… Մենք այդ դեպքում, որպես ազգային միավոր, կկորցնենք մեր ինքնությունը, այսինքն՝ սեռականով կարելի է ինքնության վերացման այդ հարվածը հասցնել»,- ընդգծեց Նարինե Ներսիսյանը:

Հիմա ինչո՞ւ են եկեղեցուն դեմ գնում, որովհետև ներկայացնում են, թե, իբր, կրոնական պատկերացումները մեղք են դարձնում սեռականը, մարդը  չի կարող ազատ արտահայտվել, որովհետև մեղավոր է իրեն զգում: Բայց քրիստոնեության մեջ չկա այդպիսի բան, եկեղեցին օրհնում է ամուսնությունը, Աստվածաշնչի մեջ էլ կան հատվածներ մարմնական սիրո գեղեցկության մասին: Այսինքն՝ դա էլ է աղավաղվում և փորձ է արվում ինչ-որ կերպ կրոնականին տալ բացասական երանգներ: Այնինչ՝ հայերը՝ որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ, իրենց արյան մեջ ունեն այդ ամենը քրիստոնեական արժեքներով կարգավորելու ներուժը: 

Սեքսապաթոլոգը հաստատում է՝ անձի մոտ ներքին ընդվզում է առաջանում, երբ նրան սկսում ես վերահսկել կամ կառավարել դրսից, և սեռականության վերահսկումը ևս պետք է լինի ներսի արժեքների միջոցով, այսինքն՝ մեր մշակութային արժեքները, նորմերը պետք է դարձնել մեր ներքինի մասնիկը: Մեր կրթության կորիզը պետք է լինի այդ մշակույթը երեխաների գիտակցության մեջ ներմուծելը, որպեսզի կազմակերպեն իրենց վարքը: Դրա համար պետք է փոքրուց երեխային «թաթախել» այդ արժեքներով:

«Սա պետք է արվի՝ սեռական դաստիարակություն ասելով, որտեղ ընդհանրապես սեռական թեմայի շուրջ չէ խոսակցությունը, այլ, օրինակ, նկարագրվում է տղամարդու ասպետական կեցվածքը, կնոջ մայրական կերպարի հզորությունը, ա՛յ, այս արժեքներով պետք է լցնել երեխայի գիտակցությունը: Եվ այսպես է եղել միշտ, որ հայ ազգը դարեր է ապրել: Ես չեմ էլ հավատում, որ այդ դրսի ուժերը ինչ-որ մի բան կկարողանան անել»,- ասաց նա:

Սեռական այլասերվածությունը, Նարինե Ներսիսյանի համոզմամբ, հեռանկարային չէ, որովհետև այնտեղ վերարտադրությունը վերանում է, և նրանք սերունդ էլ չեն թողնում. հոմոսեքսուալը սերունդ չի թողնում կամ այն ֆեմինիստը, որը հրաժարվում է երեխա ունենալուց, որովհետև իր կարիերան տուժում է: Այսինքն՝ նրանց գեները ոչնչանում են, և այդ կարգի պրոպագանդան կյանք չունի: Ապրում է նա, ով յոթ-տասը երեխա ունի, իսկ ինչո՞ւ է այդքան ունենում, որովհետև լրիվ ուրիշ արժեքներով է ապրում, որովհետև երեխան արժեք է, որովհետև կին-տղամարդ հարաբերությունները լրիվ ուրիշ դրվածք ունեն:

«Բայց պետք է այնպես անել, որ մարդը սա ներսից ուզենա: Ա՛յ, սա է մեր կրթության խնդիրը՝ անել այնպես, որ ներսից գնա այդ կարգավորումը, որ՝ մեր հայկականից լավը չկա, որ մեր արժեքներից համովը չկա, որ ինչքան հետևենք դրան, էնքան ավելի ուժեղ կլինենք, էնքան ավելի առողջ կլինենք, էնքան կշատանանք, մեր ազգը կուժեղանա»,- ընդգծեց սեքսապաթոլոգը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: