կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-06 14:26
Հասարակություն

Քանդակագործության մեջ հեղափոխական նախագիծ է, Արամ Մանուկյանի կերպարին բնութագրական. Աղվան Վարդանյան

Քանդակագործության մեջ հեղափոխական նախագիծ է, Արամ Մանուկյանի կերպարին բնութագրական. Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում Առաջին հանրապետության հիմնադիր, ականավոր քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի արձանի էսիքիզին վերաբերող քննարկումներին: Նա նշեց, որ թեև բնական է համարում քննարկումները, բայց դրանք հաճախ ոչ պրոֆեսիոնալ մակարդակում են:

«Նախագիծը, որը հավանության է արժանացել և հիմա կատարման ընթացքի մեջ է, իմ կարծիքով, ունի իսկապես հիմնավորված գաղափարախոսություն, նպատակադրում: Արամ Մանուկյանի հուշարձանի պատվանդանը Հայկական բարձրավանդակն է` հսկայական սալաքար, որի կենտրոնում այսօրվա Հայաստանի ամբողջ ուրվագիծն է երևում քարտեզի ձևով, ուղղություններ կան հայկական խնդրի չլուծվածության առումով, և Արամ Մանուկյանը` Առաջին հանրապետության հիմնադիրը, այդ բացվածքի միջից իր մարմնով, կամքով, ոգով վեր է խոյացնում, նաև` Հայոց պետականությունը, Հայոց պետականության խորհրդանիշ եռագույնը, իսկ վերևում արդեն նրա կերպարն է»,- բացատրեց նա:

Վարդանյանը նաև նշեց, որ քաղաքապետարանում տեղի ունեցած երկու մրցույթներից երկրորդում ամենամեծ հավանությանն արժանացել է այս նախագիծը, որն իսկապես գաղափար, նպատակադրում ունի իր մեջ:

«Ես վստահ եմ` անկախ խոսակցություններից, մենք ունենալու ենք Երևանի համար, մեր երկրի համար, պետականության համար մոնումենտալ կոթողային մի հուշարձան` և' ժամանակակից, և' գաղափար արտահայտող: Սա նաև քանդակագործության մեջ հեղափոխական նախագիծ է և այդ առումով ևս ընդունելի` Արամ Մանուկյանի կերպարին բնութագրական»,- եզրափակեց նա: