կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 17:06
Հասարակություն

Հայաստանին բնութագրական չէ այն մոծակի տեսակը, որով փոխանցվում է Զիկա վիրուսը

Հայաստանին բնութագրական չէ այն մոծակի տեսակը, որով փոխանցվում է Զիկա վիրուսը

Այսօր առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց նաև Զիկա վիրուսի տարածման մասին: Հիշեցնենք, որ այս օրերին աշխարհի տարբեր երկրներից տեղեկություն է ստացվում, որ Զիկա վիրուսը մարդկանց կյանքեր է խլել, կարող է վնասել հատկապես հղիներին. կարող են ծնվել փոքր գանգուղեղով երեխաներ, որոնց կյանքը ծնվելուց հետո էլ կարող է վտանգված լինել:

Արտավազդ Վանյանի խոսքով` սխալ է այն կարծիքը, թե Զիկա վիրուսն ամբողջ աշխարհով մեկ տարածվում է, այն տարածված է Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում: Իսկ Եվրոպայում արձանագրված դեպքերը, ոչ տեղաբնակների միջոցով են տարածվել:

«Այդ վիրուսը մոծակի մի տեսակի միջոցով է փոխանցվում հիմնականում: Այսինքն` տվյալ երկրին պետք է բնութագրական լինի տվյալ մոծակի տեսակը, որ հիվանդությունը տարածվի: Այդ մոծակի տեսակը Հայաստանում չկա, բայց մենք  ուշադիր ենք  տվյալ վիրուսի հետ կապված ողջ տեղեկատվության նկատմամբ»,- ասաց Վանյանը:

Նրա խոսքով՝ Զիկա վիրուսով վարակվածների միայն 20 տոկոսի մոտ են կլինիկական նշաններ ի հայտ գալիս, մեծ մասամբ  այն կլինիկական նշաններ չեն լինում, շատ թեթև վիճակով է ընթանում հիվանդությունը: