Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առաջին անգամ ՀՀ-ն ներկայացնելու է Արցախի կարգավիճակի կամ դրանից բխող հարցերը, մեկնարկելու է Լեռնային Ղարաբաղի իրավական ճանաչմանն ուղղված գործընթաց:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննարկվում են բազմաթիվ գործեր, որտեղ ուղղակի կամ անուղղակի քննարկվում է Ղարաբաղի ոչ թե միջազգային իրավական կարգավիճակի հարցը, այլ պետության ատրիբուտիկային վերաբերող հարցեր: Պետությունն ունի մի շարք հատկանիշներ, որոնք սահմանված են Մոնտեվիդեոյի կոնվենցիայով: ՄԻԵԴ-ում Ղարաբաղի կարգավիճակի, անկախացման գործընթացի, պետականությանն ու պետությանը վերաբերող հատկանիշների առկայության հարցը իրավական հարթության մեջ երբևէ չի քննարկվել: Այն քննարկվել է բացառապես քաղաքական կամ հասարակական կոնտեքստում: ՄԻԵԴ-ում առաջին անգամ է, որ մենք քննարկման առարկա ենք դարձնում Ղարաբաղի կարգավիճակի ու դրանից բխող հարցերի լուծումը»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով`հիմա բավականին վճռական փուլ ենք մտել թե' ապրիլյան պատերազմի գործերի քննության համատեքստում, թե' Ասկերովի հայցի (այն դիվերսանտների, ովքեր հիմա պատիժ են կրում Ստեփանակերտում /խմբ./):
Կոստանյանն ընդգծեց, որ այդ հարցերի շրջանակներում ներկայացնում են այն փաստարկները, որոնք հիմնավորում են` ԼՂՀ-ն ունի պետությանը բնութագրող բոլոր հատկանիշները` անխտիր: Ըստ նրա՝ հարցը կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև ՄԻԵԴ-ի վճիռը կատարվում է Նախարարների կոմիտեի կողմից, որը քաղաքական մարմին է, և հարցը իրավական ընթացակարգերի քննարկումից հետո տեղափոխվում է քաղաքական քննարկման դաշտ:
Հարցին՝ արդյո՞ք իրավական ճանաչման գործընթացին չեն խոչընդոտի, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես երբևէ, որևէ գործընթացում ներգրավված լինելով, քննարկման առարկա չեմ դարձրել, թե դիմացինն ինչ կարող է անել կամ ինչ է անելու, ես միշտ քննարկման առարկա եմ դարձնում, թե մենք ինչ կարող ենք անել և ինչ ենք անելու»:
Նա նշեց, որ խոչընդոտներ, բնականաբար, կան և լինելու են, և անվիճելի է, որ մեր հարևան երկիրը բոլոր հնարավոր և անհնար միջոցները ձեռնարկում է ոչ միայն խոչընդոտելու, այլև հակառակ արդյունքներն ապահովելու համար: «Պետք է հիշեցնեմ Նախարարների կոմիտեի` 4 ամիս առաջ կայացրած որոշումը, որով 36 պետություն պաշտպանեց Հայաստանի դիրքորոշումը, իսկ Ադրբեջանի կողմից առաջարկված փոփոխություններին կողմ էր միայն Ադրբեջանը, անգամ` Թուրքիան ձեռնպահ քվեարկեց»,- ասաց Կոստանյանը:
Վերջում նա հավելեց, որ Հայաստանն անելու է առավելագույնը, որ Լեռնային Ղարաբաղն իրավական ճանաչում ստանա: