կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-19 11:32
Քաղաքական

Բոլորի համար սա շոկ է. Գևորգ Կոստանյան

Բոլորի համար սա շոկ է. Գևորգ Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ բոլորի համար սա շոկ է: «Մանվել Գրիգորյանը չէ, ցանկացած անձի կողմից նման արարք թույլ տալը կարելի է բնութագրել որպես դավաճանություն ժողովրդի և պետության նկատմամբ»,- հավելեց նա:

Սակայն նկատի ունենալով անմեղության կանխավարկածի անվերապահ կիրառությունը՝  նա ասաց, որ, իր կարծիքով, դեռևս չեն կարող իրավական գնահատական տալ կոնկրետ անձի կողմից կատարված արարքին:

Իսկ թե ինչպե՞ս է քվեարկելու, Կոստանյանը հայտնեց, որ միանշանակ կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում իրականացնելուն:

«Եվ ես վստահ եմ, որ ՀՀԿ խմբակցության բոլոր իմ գործընկերները նույնպես կողմ են քվեարկելու երկու հիմնական պատճառով: Նախ` այո, սա բացարձակ անթույլատրելի է, և որևէ այլ կերպ, քան դավաճանություն, նման արարքը չի կարող բնութագրվել: Մենք համաձայնությունը կտանք՝ առնվազն հնարավորություն տալով նախաքննական մարմնին քննություն իրականացնելու, ապացուցելու, ի հայտ բերելու բոլոր մեղավոր անձանց և պատասխանատվության ենթարկելու։ Միաժամանակ, մենք դրանով հնարավորություն կտանք Մանվել Գրիգորյանին, որ այդ նախաքննության ընթացքում հնարավորություն ունենա ապացուցելու իր առնչությունը»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Որպեսզի տեսնենք, թե ով է ոտնձգություն կատարել մեր ժողովրդի սրբության սրբոցի նկատմամբ»:

Հարցին` հնարավո՞ր է, որ բարձրագույն իշխանությունը տեղյակ չէր այս ամենից, Կոստանյանը պատասխանեց, որ կարծիքների ու ենթադրությունների մակարդակով չի կարող շռայլություն թույլ տալ և գնահատական տալ: «Քննության արդյունքում, վստահ եմ, ամբողջությամբ կպարզվի, և մեղավոր անձինք պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց նա:

Հարցին էլ՝  կա՞ իրավական ընթացակարգ, որ նիստն առանց Մանվել Գրիգորյանի ներկայության իրականացվի, Կոստանյանը դրական պատասխան տվեց: