Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում մի խումբ անձանց կողմից Եղիշե Խաչատրյանի դաժանաբար սպանության գործով հերթական դատական նիստը:
Դատարանն այսօր բերման էր ենթարկել այս գործով տուժող Սանասար Գաբրիելյանին: Երբ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տուժողից հետաքրքրվեց, թե ինչու՞ նա նախորդող դատական նիստերին չէր ներկայացել դատարան, Բադալյանը պատճառաբանեց, որ ինքը տան միակ աշխատողն է և չի կարող չգնալ աշխատանքի:
Դատավորը նրան նախազգուշացրեց, որ եթե հաջորդ անգամ չներկայանա դատարան՝ նրա նկատմամբ հնարավոր է դատական սանկցիա կիրառվի՝ տուգանք՝ 100 հազար դրամի չափով:
«Եթե ես գամ դատարան, ընտանիքիս ո՞վ է պահելու»,-արձագանքեց տուժեղը:
Նշենք, որ խոսքն այն տաքսու վարորդի մասին է, ով, ըստ գործի նյութերի՝ տեսնելով կատարվածը՝ փորձել է հանգստացնել տղաներին, որոնք սակայն հետապնդել և հարձակվել են նրա վրա:
Նշենք, որ նախաքննության ընթացքում Բադալյանը ներգրավված է եղել որպես վկա, սակայն հետագայում նրա դատավարական կարգավիճակը փոխվել է և նա գործում ներգրավվել է, որպես տուժող:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ գործով 5 ամբաստանյալները Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելուց հետո դիտավորությամբ կեպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ կատարել են խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:
Սանասար Բադալյանն այսօր դատարանին հայտնեց, որ գործով ամբաստանյալներին ճանաչել է գործի դատաքննության ընթացքում: Հպանցիկ նկարագրելով դեպքը՝ վկան պնդեց, որ ինքը հարվածեր չի ստացել, մինչդեռ նախաքննական ցուցմունքում չէր բացառել այդ հանգամանքը:
«Մեքենայով անցնում էի փողոցով, տեսա դիմացի մայթի մոտ սպիտակ ֆորդ ա կանգնած, ինձ թվաց ԱՊՊԱ ա եղել, դիմացը 3 տղամարդ իրար հետ վիճում էին, մի ջահել հարս կար ու տարեց կին, այդ կինը ինչ-որ բաներ էր գոռում, ես նրա խաթր կանգնեցի, ապակին իջացրեցի ու ամոթանք տվեցի: Ասացի՝ թարգը տվեք, արա, էս ի՞նչ եք անում, մեծ կին ա»,-պատմեց վկան:
Նա հայտնեց, որ իր՝ ամոթանք տալու գործողությունը մոտ մեկ րոպե է տևել, ինչից հետո նա գնացել է ավտոտեխսպասարկման կետ՝ որդու հետևից: Տուժողի խոսքով՝ ինքը չի նկատել, որ իրեն հետապնդում են: Նրա պատմելով՝ տեխսպասարկման կետում իրեն արագ-արագ քայլելով մոտեցել է Արիկը (Հեղ. այս գործով ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը) և ասել. «Ու՞մ հետ էիր, արա’»: Նրա խոսքով՝ ծաղկավոր վերնաշապիկով տղան է բաժանել իրենց:
Նշենք, սակայն, որ նախաքննության ընթացքում վկան հայտարարել էր, որ իր վրա հարձակումը կանխել են տեխսպասարկման կետի աշխատողները: Մեղադրողի հարցին, թե փողոցում ծեծկռտուք տեսե՞լ է, վկան պատասխանեց. «Որ տեսնեի՝ կկանգնեի»: Նա հայտնեց, որ գետնեին ընկած տղամարդ չի տեսել և իրեն ոչ ոք չի քաշքշել: Մեղադրող դատախազը, թվելով տուժողի նախաքննության և դատաքննության ընթացքում տվաց ցուցմունքների միջև առկա էական հակասությունները, միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:
Ամբաստանյալների պաշտպանները մեկ շաբաթ ժամանակ խնդրեցին դատարանից՝ միջնորդությանը ծանոթանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Նախագահող դատավորը մեկ ժամ ընդմիջում տրամադրեց կողմին, ինչից հետո պաշտպանները առարկեցին դատախազի միջնորդության եմ՝ միաժամանակ արձանագրելով, որ դատարանը կողմերի համար անհավասար պայմաններ է ապահովում:
Նշենք, որ նմանատիպ իրավիճակ էլ ստեղծվել էր տուժող Էմմա Աբրահամյանի ցուցմունքի ժամանակ և դատավորը դատախազին ժամանակ էր տրամադրել դիրքորոշում հայտնելու համար:
Ի վերջո՝ դատավորը բավարարեց դատախազի միջնորդությունը և հրապարակեց Սանասար Բադալյանի՝ նախաքննության՝ այդ թվում առերես հարցաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Մասնավորապես Բադալյանը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ դեպքի վայրում եղած տղաները եղել են ոչ սթափ վիճակում, հնարավոր է իրեն հարվածած լինեն, հստակ նշել է, թե ինչ մեքենայով և որ ուղղությամբ են հեռացել նրանք և այլն: Ընդ որում նախաքննական ցուցմունքներից մեկում տուժողը (հեղ. այն ժամանակ վկան) հայտնել էր, որ փողոցում՝ մեքենայի մոտ, տեսել է 3-4 տղայի, իսկ մեկ այլ ցուցմունքում հայտնել է 4-5 տղաների մասին:
Մեղադրող դատախազը մի քանի անգամ տուժողից փորձեց ճշտել, թե ի՞նչն է պատճառը, որ նախաքննության ընթացքում այլ թիվ է ասել, իսկ դատաքննության ընթացքում պնդում է, որ երեք անձի է տեսել, սակայն Բադալյանը կոնկրետ պատասխան չտվեց:
Նա ասաց, որ հնարավոր է այնտեղ այդքան մարդ է եղել, բայց ինքը հստակ հիշում է երեքին: Թեև տուժողը պնդում էր, որ կնոջ բղավողցներից ինքը ոչինչ չէր հասկանում, սակայն նախաքննական ցուցմունքում նա հստակ նկարագրել է այն արտահայտությունները, որն արել է տուժող Էմմա Աբրահամյանը:
«Տարիքով կինը ձեռքը մեկնել էր, ասում էր՝ այլանդակներ, անասուններ»,-հայտնել է Բադալյանը: Իսկ ինքը՝ տուժողը, մեքենայի միջից ասել է. «Արա', ամոթ ա, թարգեք, ձեր մոր թայ կնիկ ա»:
Բադալյանը նախաքննության ընթացքում նույնպես պնդել է, որ գետնին ընկած տղամարդ չի տեսել:
«Միգուցե, երբ տեսել են իմ մեքենան գալիս է՝ դադարեցրել են ծեծը կամ արդեն վերջացրած են եղել»,-իր ցուցմունքում ենթադրել է նա:
Տուժողն իր նախաքննական ցուցմունքում հստակ նկարագրել էր նաև այն տղային, ով իրեն հետապնդել էր: «Այդ տղաները ագրեսիվ էին տրամադրված, հարբած էին և տարօրինակ վարքագիծ ունեին»,-հայտնել էր նա և նկարագրել ծաղկավոր հագուստով տղամարդուն, որն ըստ նրա՝ ավելի ագրեսիվ էր և իր վրա էր գալիս:
Համաձայն ցուցմունքի՝ ծաղկավոր հագուստով տղան 1,70-1,75 սմ հասակ է ունեցել: Նրան տեխսպասարկման կետից դուրս է հանել Հայկը՝ տեխսպասարկման կետի տերը: Բադալյանը նախաքննական մարմին հայտնել է նաև, որ այդ տղաները դեպքի վայրից հեռացել են մուգ գույնի մեքենայով՝ մեծ արագությամբ:
Վկան նախաքննության ընթացքում պնդել է, որ ինքը սպանության ականատես չի եղել, այլ միայն վիճաբանություն է տեսել:
Նշենք, որ տուժողի հարցաքննության ընթացքում մեղադրողն ու ամբաստանյանլների պաշտպանները միմյանց մեղադրում էին տուժողին ուղղորդելու մեջ: Հարցաքննության ընթացքում մի հարցը մի քանի անգամ հնչեցնելուց և պաշտպանական կողմի պնդումներից հետո դրանք վերաձևակերպելուց հետո, մեղադրողի նյարդերը տեղի տվեցին:
«Որ հարցը ձեռնտու չէ՝ տեղից կանգնում՝ տուժողին լսեցնում եք, Մարսից չենք իջել, իմ հարցից հետո թող չհելնեն տուժողին չլսեցնեն»,-դիմելով դատավորին՝ նկատեց դատախազը:
Պաշտպանական կողմն էլ իր հերթին մեղադրողին մեղադրեց տուժողին ուղղորդված և հստակ շեշտադրված հարցեր տալու մեջ:
Թագուհի Մելքոնյան