|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց քաղաքացու կողմից կաշառք տալու, փաստաբանի կողմից կաշառքի միջնորդության և քննիչի կողմից կաշառք ստանալու գործով հերթական դատական նիստը: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են քաղաքացի Բաբկեն Գասպարյանը, փաստաբան Գայանե Գալոյանը և ավագ քննիչ Միքայել Զադոյանը:
Նախորդ տարական նիստում այս գործով կալանքի տակ գտնվող Գայանե Գալոյանը հրաժարվեց իր 5 պաշտպաններից և խնդրեց իրեն հանրային պաշտպանով ապահովել: Նրա շահերն այսուհետ ներկայացնելու է հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Բաբկեն Գասպարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Բաբկեն Գասպարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Գայանե Գալոյանն ու Միքայել Զադոյանը կալանքի տակ են:
Ամբաստանյալ Միքայել Զադոյանի պաշտպան Սիմոն Ամիրխանյանն այսօր դատարանին միջնորդեց այս գործով դատակոչված վկաների ցանկում ներառել նաև Բունիաթ Եղիազարյանին: Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
Պաշտպանը նաև միջնորդեց գործի նյութերին կցել իր պաշտպանյալի նախկին աշխատավայրից՝ քննչական բաժնից վերցված համապատասխան տեղեկանքը՝ համաձայն որի՝ ենթադրյալ հանցագործություն կատարելու ժամանակահատվածում Զադոյանի վարույթում քննվել է 16 քրեական գործ: Այսինքն այդ ընթացքում Զադոյանը ծանրաբեռնված է եղել և ըստ պաշտպանի՝ դա է եղել պատճառը, որ նա արագացնի Սոս Գասպարյանի վերաբերյալ քննվող գործի քննությունը:
Հիշյալ երկու միջնորդությունները դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց: Նախկին քննիչ Միքայել Զադոյանի մյուս պաշտպանը՝ փաստաբան Հրայր Անանյանն էլ միջնորդեց դատարանին՝ Զադոյանի գույքի վրա դրված կալանքի մի մասը հանել:
Նրա խոսքով՝ ներկայումս կալանք է դրված իր պաշտպանյալին պատնակող ողջ գույքի՝ այդ թվում բնակարանի, հողամասի, ավտոկայանատեղիի, մեքենայի վրա, մինչդեռ միայն մեքենայի վրա դրված կալանքը բավարար է հետագայում անհրաժեշտության դեպքում գումարը փոխհատուցելու համար:
Պաշտպանի խոսքով՝ մեքենայի արժեքը գնահատված է այնքան, որքան խմբի կազմում իր պաշտանյալի կողմից ստացած ենթադրյալ կաշառքի չափը՝ 3000 ԱՄՆ դոլարը:
Նշենք, որ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի՝ գույքի վրա կալանք է դրվում քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը փաստաբանի հավելյալ փաստաթղթեր պահանջեց՝ մասնավորապես ավտոմեքենայի արժեքը գնահատած կազմակերպության լիցենզիայի մասին:
Այնուհետ փաստաբան Հրանտ Անանյանը հանդես եկավ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությամբ: Փաստաբանը որպես գրավի չափ առաջարկեց 1 մլն դրամը: Կողմերն ու դատավորը հիշյալ միջնորդությանը կանդրադառնան հաջորդ դատական նիստում: