Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր մերժեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում երկու անձի սպանության գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին միջնորդությունը:
Նշենք, որ մինչ այդ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր անթույլատրելի ճանաչել գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի և Պետրոս Իսրայելյանի հեռախոսահամարների նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված գաղտնալսումները, ինչպես նաև Ալիկ Բանդուրյանի և Արմեն Գասպարյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձայնի նմուշների ձեռքբերումը: Նրա խոսքով՝ այդ ապացույցները ստացվել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ:
Ըստ նրա՝ նմուշը ստանալու համար պետք է կայացվեր համապատասխան որոշում, ինչից հետո միայն օրենքով սահմանված կարգով ներկայացվեր փորձաքննությանը: Դատավորը, սակայն հայտնեց, որ միջնորդության քննարկմանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում գործով վերջնական դատական ակտ կայացնելիս: Այսօրվա նիստում Երեմ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վիճակը շարունակում է վատթարանալ:
Հիշեցնենք, որդեռևս 2017թ-ի հոկտեմբերին Երեմ Սարգսյանը դատարանին էր տրամադրել իր պաշտպանյալի վերաբերյալ համապատասխան բժշկական փաստաթղթեր, համաձայն որոնց, նրա մոտ առկա են այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են անազատության մեջ մնալու հետ:
Մասնավորապես, նրա խոսքով, Ալիկ Բանդուրյանը տառապում է շաքարային դիաբետով, ունի սրտի առիթմիա, ողնաշարի հոդերի տուբերկուլոզ, որը գտնվում է ակտիվ փուլում: Պաշտպանը դատարանին տեղեկացրեց, որ դեռևս մայիսի 23-ին քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալին հետազոտել են «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկները և արձանագրել, որ Բանդուրյանի մոտ նկատվել է տուբերկուլոզ հիվանդության կտրուկ վատթարացում:
Պաշտպանը հերթական անգամ ընդգծեց, որ նման ախտորոշում ունեցող հիվանդի բուժումը հնարավոր է կազմակերպել միայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում` անհապաղ, անկողնային ռեժիմով: Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ:
Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով: