Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը չի կարծում, թե նախագահի թեկնածուների «առատ խումբ» ունենք: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ, գոնե իր գնահատմամբ, շատ չեն թեկնածուները, ովքեր կհամապատասխանեն այդ պաշտոնը կրելու հատկանիշներին:
«Կարծում եմ, որ, իմանալով Հանրապետականի` ընտրելու հնարավորությունները, նրանք վատ լուծում չեն գտել: Մեծամասնություն ունեն նրանք, ու ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ ընտրվելու շատ լուրջ հնարավորություն ունի: Նա ունի շատ լուրջ քաղաքական, դիվանագիտական փորձառություն, իսկ բացասական այն եմ համարում, որ, որոշ տարիներ չլինելով ՀՀ-ում, նա ինչ-որ չափով կտրված է եղել այն իրողություններից ու այն իրականությունից, որի մեջ մենք ենք ապրում»,- նշեց պատգամավորը:
Նրա կարծիքով` Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը ամենավատ ընտրությունը չէ, որ կատարել է ՀՀԿ-ն: Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ նա ընդունելի թեկնածու կլինի:
Հարցին` հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքն աջակցի նախագահի այս թեկնածուին, նա պատասխանեց, որ այս հարցն իրենց մոտ քննարկման առարկա դեռ չի դարձել: «Եթե «Ծառուկյան» դաշինքն ունենա այլ թեկնածու, որն ավելի դրական դիտարկվի, կողմ կլինեմ: Շտապելու բան չկա, հետագայում մեր տեսակետները կարտահայտենք»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հարցին` ձևականությո՞ւն է այն, որ Արմեն Սարգսյանը դեռ վերջնական պատասխան չի տվել, Զուրաբյանը նշեց, որ թեև այնքան էլ մեծ կարծիք չունի Հանրապետականի մասին, բայց գոնե այս առումով նրանք Արմեն Սարգսյանի հետ որոշակի խորհրդակցություն անցկացրած կլինեն և պարզած կլինեն, հետևաբար, եթե հայտարարվել է, Արմեն Սարգսյանի կողմից էլ հերքում չի եղել, դա արդեն համաձայնության նշան է: