Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության առաջին քայլերից կան բաներ, որ գտնում եմ ոչ ճիշտ, կան բաներ, որ գտնում եմ՝ շատ լավ, բայց երբ այս մթնոլորտը տեսնում եմ, ցանկություն է առաջանում պաշտպանել: ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
Նա նշեց, որ Փաշինյանին ուզում է ասել՝ զգույշ լինել:
«Նիկոլ ջան: Խոստացել էի դիմել որպես վարչապետ: Հարգելի պարոն վարչապետ, ուզում եմ անպայման ուշադրություն դարձնել մեկ բանի վրա՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը, երբ դուք գլխավոր խմբագիր էիք, նման հրապարակումներ էին լինում, երբ իրար դիմում էին, օրինակ, Վանոն նամակ էր գրում Վազգենին ու ասում՝ զգույշ եղիր: Ես քեզ հիմա ուղիղ տեքստով ասում եմ՝ զգույշ եղիր ու, ընդհանրապես, ամբողջ կառավարություն, զգույշ եղեք, քանի որ Հայաստանի ցանկացած հակահեղափոխության թիրախն եք դուք: Իմացեք՝ դուք շատերի կոկորդին եք կանգնած»,-ասաց Զուրաբյանը:
Նա պարզաբանեց, թե ինչո՞ւ էր խոսում ԱԱԾ-ի մասին՝ ասելով, որ մեկ բան շատ կարևոր է՝ ԱԱԾ-ում սովետի հոտն ու մթնոլորտը դուրս չի եկել: Զուրաբյանի խոսքով՝ չեկիստական ոգին ևս այնտեղ կա, և դրանից պետք է զատել մարդկանց, որոնք իսկական հետախույզ են ու հակահետախույզ: «Երբ ես ու դու նստած էինք այնտեղ, Ձերժինսկու նկարը կախած էր պատին: Ես կառաջարկեմ՝ այդ շենքը քանդել ու տեղը մի լիճ սարքել՝ ջուրը գուցե չարիքի հետքը վերացնի: Դրա փոխարեն պետք է ձևավորել մարմին, որը կլինի Հայաստանին ծառայող մարմին: Մաքրեք այդ կեղտից Հայաստանը»,-ասաց Զուրաբյանը:
Նա նշեց նաև, որ երբևէ ՀՀԿ-ի դեմ ոչինչ չի ունեցել, և ԱԺ-ում ելույթ ունենալիս՝ ասել է, թե՝ սա՞ է ձեր երազանքը ձեր ստեղծած երկրի:
Զուրաբյանի խոսքով՝ 1998-ից հետո Հայաստանում տեղի է ունեցել պրոցես, որը շատ վատ հետևանք է ունեցել՝ դրանից հետո Հայաստանում քոչարյանիզմ է ձևավորվել, իսկ մնացածը հետևանքներն են.«ՀՀԿ-ն է դրա զոհը, մի մոռացեք, նրանք ընկերներն էին ՀԺԿ-ի, ում հետ թիմ էին ձևավորվել ու ուզում էին երկիրը դրական դարձնել: Բայց չարիքը պատեց այս երկիրը, հոկտեմբերի 27-ից հետո երկիրը դարձավ վայրենական թշնամության երկիր: Ես որ խոսում եմ Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին՝ շատերն ասում են՝ լավ մարդ, լավ գրող, ոչ, ես ասում եմ, որ Վանոն քաղաքական վտարանդի է, և հեռացվել է Հայաստանից նրա համար, որ վտանգ է ներկայացրել Քոչարյանի իշխանությանը: Վանոյի մեջ իշխանությունը տեսել է մարդու, որը կարող է այդ պահին Նիկոլը լինի ու փոխի իշխանությունը: Դրա համար նրան հետապնդել են, իսկ հետապնդման թիկունքում եղել է հետևյալը՝ վերացնել հակառակորդին»:
Զուրաբյանի խոսքով՝ դրա համար հատուկ գործ է ստեղծվել, կարվել, և կարելի է քննիչներին հարցնել՝ ինչպե՞ս է այդ գործը ձևվել, ո՞վ է հանձնարարություն տվել և ինչո՞ւ:
Զուրաբյանի գնահատականով՝ քաղաքական գնահատական պետք է տրվի քաղաքական այն գործընթացներին, որոնց արդյունքում ստեղծվել է անարդարությունը, ընտրակեղծարարությունը, պոռոտախոսությունը: «Օրինակ, այսօր Աշոտյանը շատ լավ էր խոսում՝ հեռուստատեսությունը կարելի է տալ նրան, նույնիսկ հումորային հաղորդումներ կազմակերպի, որովհետև այ էս Աշոտյանը շատ լավն է, հոյակապ Աշոտյան է: Բայց մի հատ հիշեք Աշոտյանին որպես քաղաքական գործիչ՝ այդ տղերքը հիվանդացել էին, հիմա բուժվում են: Լավ է, նորմալ է, շնորհակալություն առողջապահական լուրջ պրոցես Հայաստանում իրականացնելու համար»,-ասաց նա:
Զուրաբյանը նշեց, որ ուզում է կարևորել մեկ բան ՝ երբ գերմանիաները միավորվեցին, ոչ ոք «Շտազի»-ին չկերավ, բայց փոխարենը որոշեցին լյուստրացիա անել ու բոլոր նրանց, որ ծառայել են այս կամ այն մարդուն, հնարավորություններ չեն տալիս: Զուրաբյանի խոսքով՝ հավանաբար, մեզ էլ նման մի օրենք է պետք. «Մի մոռացեք, սա ձեր պարտականությունն է /դիմեց «Ելք»-ի երիտասարդ պատգամավորներին-խմբ./, լյուստրացիան ձեր պարտականությունն է, դուք պետք է մաքրեք կեղտից Հայաստանը, քանի որ այդ պատմական հնարավորությունը տրված է ձեզ: Զեյնալյան, շուտ-շուտ խոսիր նման բաներից, քանի որ դա շատ կարևոր է: Պետք է իմանանք՝ ով ում է ծառայել, ինչի համար, ում գենը ոնց է, պապը ոնց է ծախել՝ կան բաներ, որ արժե իմանալ»:
Խոսելով կառավարության ծրագրի մասին՝ Զուրաբյանը նշեց, որ «ոտքով-ձեռքով» պատրաստ է այն պաշտպանել: Նա շնորհակալություն հայտնեց «Ելք»-ին, որ բերել են քաղաքական ծրագիր՝ կլինեն թվեր, թե ոչ.«Եթե շատ են ուզում թվերից խոսել, խոսեք հանրապետականների հանցագործությունների թվից, այդ թիվը կոնկրետ ներկայացրեք հասարակությանը: Մնացած թվերի հետ կապված կպատասխանեմ ձեր փոխարեն՝ բոլոր ոլորտներում առաջընթաց է լինելու, և թվերը գերազանցելու են այն թվերը, որոնք ներկայացրել է ՀՀԿ-ն մինչ այսօր»:
Զուրաբյանը նշեց նաև, որ պետք չէ ընտրությունների ժամկետը հետաձգել, քանի որ մինչև դրանք կյանքի կոչվեն և մինչև Հայաստանում օրինական իշխանություն հաստատելը՝ «բոլորս վտանգի մեջ ենք» ու, առաջին հերթին, վարչապետը: Նրա խոսքով՝ պետք չի առաջնային համարել այն, որ մյուս քաղաքական ուժերն էլ պետք է պատրաստ լինեն՝ քաղաքականությամբ զբաղվող մարդը պետք է միշտ պատրաստ լինի՝ ընտրությունն իր գործառույթն է: Ինձ պետք չի ելույթի համար պատրաստվել՝ ես իմ ասելիքն ու անելիքը գիտեմ: Քաղաքականությամբ զբաղվողն իր ասելիքն էլ ունի, ծրագիրն էլ»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նշեց նաև, որ հաճելի էր լսել համեմատությունները Փաշինյանի և Զևսի, Գանդիի միջև: