Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ արդեն 5 օր է, ինչ սկսվել է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, այն դեռեւս ակտիվ փուլ չի տեղափոխվել, ինչը պայմանավորված էր «ապրիլիննյան» սպասումներով: Քարոզարշավին մնացել է ընդամենը 22 օր, թեժ պայքարը կնկատվի արդեն մեկ շաբաթից: Սակայն քարոզարշավի հիմնական փուլը եւ ձայնահավաքչության հիմնական գործընթացը մնալու են ստվերում, աշխատելու են «տակից»՝ վարչական եւ ֆինանսական լծակների անխնա օգտագործմամբ, պարտադրանքով, ահաբեկությամբ, արդեն օրինականացված անօրինականությամբ՝ ընտրակաշառքով: Բոլոր ընտրություններում իշխող ուժն անզոր է եղել դիմադրել այս լծակների օգտագործման գայթակղությանը:
ՀՀԿ-ի պարագայում, սակայն, դա հասնում է ցինիկության: ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ. «Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ եւ իրականացմամբ, դատապարտում է ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երւեույթ, այդ թվում` նաեւ ընտրակաշառքը, եւ իր լիազորությունների շրջանակում հետամուտ է լինելու, որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունը իրականացվի բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան»:
Այս հայտարարությունը բխում է քաղաքացու եւ բազմաթիվ ուժերի սրտից, բայց տպավորություն է, թե այն բնավ ՀՀԿ գրասենյակից չի տարածվել: Այլապես` ինչպես հասկանանք սա, երբ այս պահին համատիրությունները եւ տեղական հեղինակությունները, տնօրեն-ուսուցիչները յուրաքանչյուրն իր ազդեցության «գոտուց» անձնագրեր է հավաքում եւ 10-15 հոգանոց «հավատավորի ցուցակ» կազմում, խոստանում մայիսի 3-4-ին գումարով խրախուսել՝ «կողմնորոշվելու» համար, փակել կրպակներում ունեցած պարտքերը: Տարիներ շարունակ անգործության մատնված համատիրությունների ներկայացուցիչները զանգահարում են բնակիչներին եւ հարցնում, թե շենքերի հետ կապված ինչ խնդիրներ ունեն, տանիքը նորմա՞լ է, չի՞ կաթում, այն դեպքում, երբ ոչ ընտրական շրջանում դիմումներին պատասխանում են, թե «շիֆեր չկա»:
Եվ ահա ՀՀԿ-ն հայտարարություն է տարածում, որն ուրիշ բան, եթե ոչ ծաղր իրենց, բոլորիս եւ ընտրողի նկատմամբ որակել չենք կարող: Ամենաուշագրավը, սակայն, հայտարարության վերջին տողն է. «Երեւանցին է ընտրելու Երեւանի քաղաքապետ»: Ընդամենը մեկ փաստ. տեղեկություններ կային, որ մարզպետները եւս աշխատում են Տարոն Մարգարյանի օգտին ձայն բերելու ուղղությամբ: Մեր թղթակիցը փորձում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից ճշտել տեղեկությունների իսկությունը: Արժե, որ մարզպետի պատասխանին ծանոթանա ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի կողմից տարածված հայտարարության հեղինակը: «Իմ ընկերներին, իմ բարեկամներին պետք է ուղղորդեմ, որ ձայնը տան ՀՀԿ-ին, պարզ չի՞»,- ասում է մարզպետը: Հարցին, թե Դուք Արագածոտնի մարզպետն եք, իսկ այստեղ Երեւանի ավագանու ընտրություններ են, ինչո՞ւ եք միջամտում, պատասխանում է. «Ես բարեկամներ ունեմ, մտերիմներ ունեմ, ծանոթներ ունեմ, ընկերներ ունեմ: Որ երեւանցի չեմ, չմասնակցե՞մ Երեւանի ընտրություններին»: Եվ ինչ պատիժ տվեց ՀՀԿ-ն Արագածոտնի մարզպետին, ով թույլ չի տալիս, որ իր ծանոթ, մտերիմ, բարեկամ երեւանցին եւ իր ենթակայի ծանոթ, մտերիմ ու բարեկամ երեւանցին ինքնուրույն ընտրի:
Ժամանակը չէ՞, արդյոք, որ ՀՀԿ-ն անդեմ դատապարտումների փոխարեն իր մանր ու մեծ ներկայացուցիչներին հրահանգի` աշխատել մարդավարի: Թե չէ՝ ստացվում է հայտնի «Անասնաֆերմա»-ի պես՝ «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշներն` ավելի հավասար»:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ