Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկրում արտահերթ ընտրությունների անցկացման համար չկան ո'չ իրավական, ո'չ էլ քաղաքական դրդապատճառներ: Երկիրը նախագահի եւ քաղաքական իշխանության ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հետեւանքով աստիճանաբար թեւակոխում է զարգացման փուլ. այսօր ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության երեք տարիների ընթացքում իրականացվում են լայնամասշտաբ ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք ողջունում են թե' ԱՄՆ պետդեպարտամենտը, թե' եվրոպական մեր գործընկերությունը, թե' հասարակությունը, թե' հենց ՀԱԿ առաջնորդը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ապա ՀՀԿ խոսնակը նշեց, որ երկրում քաղաքական օրակարգի հիմնական ձեւավորողը քաղաքական իշխանությունն է, որովհետեւ նա է երկրում կատարվող բոլոր քաղաքական պրոցեսների պատասխանատուն:
«Մենք գտնում ենք, որ Հայաստանում չպետք է լինեն քաղաքական ուժեր, ովքեր կգնան ծայրահեղության կամ հասարակության մեջ թշնամություն սերմանելու ճանապարհով: Ես հեռու եմ այն մտքից, որ երկխոսություն նշանակում է, թե իշխանությունը պետք է ծափահարի ընդդիմությանը, ընդդիմությունն էլ պետք է ծափահարի իշխանությանը: Ոչ, դա երկխոսություն չէ: Երկխոսությունն այն է, որ դու պատրաստ ես քո քաղաքական օպոնենտների հետ նստել եւ քննարկել Հայաստանի համար կարեւորագույն խնդիրները»,- նշեց Է. Շարմազանովը:
Ինչ վերաբերում է հարցին, արդյոք ՀԱԿ-ը կլինի՞ ապագա խորհրդարանում, նա նշեց, որ ապագա խորհրդարանի տեսքը կախված է միայն ժողովրդի քվեարկությունից:
Ի դեպ, Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն հերթական խորհրդարանական ընտրությունների եւ ընտրական կամպանիայի վերաբերյալ որեւէ հարց դեռ չի քննարկել, բնականաբար, խորհրդարանական ընտրություններին գնալու ձեւաչափը որոշված չէ: Այդ հարցերը իշխող կուսակցությունը կքննարկի ուշ աշնանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններով: Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ընտրություններին առանձին մասնակցելու հայտարարության մասին, Շարմազանովը նշեց, որ մրցապայքարը չի նշանակում, որ բոլորը պետք է գնան մեկ ցուցակով:
«Ինչպես ցանկացած կուսակցություն, այնպես էլ ԲՀԿ-ն, ինքն է որոշում, թե ինչպիսի ռազմավարությամբ եւ մարտավարությամբ առաջ շարժվի. դա բացառապես տվյալ քաղաքական ուժի իրավունքն է»,- ասաց նա:
Նշելով, որ ԲՀԿ-ի հետ աշխատանքային նորմալ հարաբերություններ են, նա, սակայն, չխոսեց այն մասին, արդյո՞ք երկու կուսակցությունների միջեւ լարվածություն կա` պատճառաբանելով, որ «լարվածությունը քաղաքական կատեգորիա չէ»:
Լրագրողներից մեկը Շարմազանովից հետաքրքրվեց` պատրաստվո՞ւմ եք, արդյոք, ներողություն խնդրել Սասուն Միքայելյանից եւ ինչպե՞ս եք գնահատում նրա քաղաքական հայացքները: «Հանրապետականը ոչ թե ներողություն է խնդրում, այլ ներում է եւ համաներում: Ինչ վերաբերում է նրա քաղաքական հայացքներին, ապա Էդուարդ Շարմազանովը չէր Հանրապետական կուսակցության համագումարում ջատագովում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը եւ պաշտպանում նրա թեկնածությունը»,- ասաց հանրապետական գործիչը:
Նշելով, որ ինքը երբեք հնարավոր սցենարներով մեկնաբանությունների կողմնակից չի եղել, քանի որ քաղաքական դաշտում տեսականորեն ոչինչ բացառված չէ, Շարմազանովը նշեց, որ ձեռնպահ կմնա Ռ. Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը մեկնաբանելուց:
«Ես շատ հանգիստ եմ վերաբերվում բոլոր այն պրոյեկտներին, նկրտումներին, որ կարող է ունենալ այս կամ այն քաղաքական գործիչը: Դա բացառապես նրա իրավունքն է` ապագա նախատեսել եւ ինչպիսի գործունեությամբ զբաղվել: Հանրապետականն ունի իր քաղաքական օրակարգը` իր նախագահի գլխավորությամբ, եւ մենք վճռական ենք բոլոր քաղաքական խնդիրները լուծել նախագահ Սարգսյանի գլխավորւոթյամբ»,- նշեց նա: