Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ներկայացուցիչները նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ անձամբ չեն հանդիպել, բայց նրա առաջադրման վերաբերյալ քննարկում ՀՅԴ-ի հետ տեղի է ունեցել. լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Անձամբ նրա հետ կհանդիպենք, մանրամասն կլսենք: Անձամբ հանդիպելը շատ կարևոր է` ընկալելու համար այս նոր փուլում որքանով է համակարգին համապատասխան ծրագրեր փորձելու իրականացնել: Մենք նրան ճանաչում ենք: Կարծում եմ, որ նրա որակներն իսկապես համապատասխանում են այս պաշտոնում առաջադրվելու համար»,- ասաց նա:
Հարցին` հնարավո՞ր է չպաշտպանեն Հանրապետականի ներկայացրած թեկնածուին, եթե առաջադրվելու վերջնական համաձայնությունը տա, Ռուստամյանը պատասխանեց. «Բնական է` վերջնական որոշում կայացնելն այսօր ճիշտ չէ, և այդ գործընթացը բազմակողմանի հանդիպումների արդյունքում պետք է լինի: Մենք ողջունում ենք այն, որ նախատեսված են հանդիպումներ ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլև արտախորհրդարանական ուժերի, հասարակական սեկտորի հետ` գիտնականներ, մասնագետներ, նաև Սփյուռքի ներկայացուցիչներ: Վերջնական որոշում մենք էլ պիտի կայացնենք, մենք էլ չունենք այդ վերջնական որոշումը, շատ տրամաբանական է: Կարող է հանդիպումների ընթացքում այնպես ստացվի, որ նա չուզենա լինել. մարդուն առաջարկել ենք, չէ՞, իսկ մենք նրա հետ հանդիպումների արդյունքում կորոշենք»:
Ռուստամյանը նշեց, որ իրենց հետ միայն Արմեն Սարգսյանի անունը չի քննարկվել: «Մենք այլ թեկնածուներ էլ ենք քննարկել, բազմաթիվ անուններ են այս ընթացքում քննարկման առարկա դարձել, բայց ամենանախընտրելին, եղած չափանիշները նկատի ունենալով, այս փուլում ճիշտ էր հենց Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկել: Մենք համաձայնել ենք, որ նա առաջադրվի նախագհի թեկնածու` այս փուլում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վերջնական որոշում կայացնելուն, Ռուստամյանի խոսքով` իրենց մոտ դա ընթացակարգ է պահանջում: «Ունենք ընթացակարգ. պետք է քննարկվի թե' Գերագույն մարմնում, թե' Բյուրոյում, քանի որ նախագահի հարցը համահայկական նշանակություն ունեցող հարց է: Մենք պետք է այդ քայլը կատարենք` համատեղ քննարկում և որոշում կայացնելով: Առայժմ մենք այդ որոշումը չունենք»,- ասաց նա: