կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 13:21
Քաղաքական

PR ակցիաներից զերծ և խորքային քննարկում է պետք կազմակերպել. Արմեն Ռուստամյան

PR ակցիաներից զերծ և խորքային քննարկում է պետք կազմակերպել. Արմեն Ռուստամյան

PR ակցիաներից զերծ և խորքային քննարկում է պետք կազմակերպել, որպեսզի ունենանք լուրջ, բոլորի համար ընդունելի Ընտրական օրենսգիրք. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե Դաշնակցությունը տեսնո՞ւմ է միասնական պլատֆորմ, նա պատասխանեց. «Այն, ինչ հրապարակված է, Դաշնակցությունը վաղուց ասել է: Նոր բան այսօր հրապարակում չեք գտնի: Նույն` ցուցակների հրապարակումը, մնացած բոլոր մեխանիզմները մենք վաղուց ժամանակին ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով` «Ժառանգության» հետ և ստացել փորձագետների պատասխանները: Այս ամբողջ փուլը մեզ համար անցած գործընթաց է:

Բայց, իհարկե, այստեղ լուրջ հարցեր կան, որոնք քաղաքական համաձայնության դաշտում պետք է դիտարկենք: Դրան մենք ձգտելու ենք և դրան պատրաստ ենք, և այն ինչ-որ հիմա ներկայացվել է, պետք է դիտվի որպես քննարկումների ելակետ, հիմք»:

Ըստ Ռուստամյանի` այս նախագիծը կարող է դեռևս լրջագույն փոփոխությունների ենթարկվել:

Անդրադառնալով ռեյտինգային քվեարկությանն ու այն տեսակետին, թե սա քողարկված մեծամասնական ընտրակարգ է, նա նշեց. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սա համամասնական ընտրակարգ չէ, դա, մեղմ ասած, չիմացության արդյունք է, որովհետև կան սահմանումներ, թե որն է համամասնական ընտրակարգը: Այդ ընտրակարգը երկու տեսակի է լինում` բաց ցուցակներ և փակ ցուցակներ: Փակը` երբ ձեռք չես տալիս ցանկի ներսի դասավորությանը, բացը` երբ ընտրողը ինքն էլ կարող է որոշել` ինչ դասավորություն լինի, և սա ամենաժողովրդավարականն է համարվում ամբողջ աշխարհում, որ ընտրողն է նաև որոշում` ով ումից հետո լինի ցուցակում:

Սա չի կարող համարվել մեծամասնական, որովհետև, որպես այդպիսին,  անձի ուղղակի ընտրություն տեղի չի ունենում: Ուղղակի ընտրությամբ որոշվում է կուսակցությունը, իսկ անձը ընտրվում է ածանցված` անուղղակի քվեարկությամբ: Կուսակցության ստացած մանդատները պիտի բաշխվեն ցուցակի մեջ: Լավ կլինի շահարկումների դաշտից դուրս գալ և փորձել մյուս բոլոր խնդիրներին անդրադառնալ»:

Ռուստամյանը խոսեց նաև նույնականացման քարտերի մասին և ընդգծեց, որ իրենք ևս կարևորում են այդ խնդիրը: «Մեկ միասնական փաստաթղթի մասին մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք համարում ենք, որ լավագույն լուծումը կլինի, եթե ընտրություններն անցկացվեն մեկ միասնական փաստաթղթով, և դա լինի ID քարտը: Այն ունի թվայնացման հնարավորություն, և բոլոր տվյալները կարելի է ստուգել»:

Նրա խոսքով` կարելի է ինչ-որ ձևաչափ ընդունել, որտեղ բոլոր տեսակետները բախվեն իրար, և, խորքային, անաչառ առաջարկներ ներկայացնելով, նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մասին քննարկում իրականացվի, ու վերջում լինի հնարավորինս լայն համախոհություն:

«Հասարակությունը թող գնահատի` ով էր ճիշտ, ով` սխալ»,- ասաց Ռուստամյանը:

Լրատվամիջոցների և դիտորդների թվի սահմանափակման մասին խոսելով` նա ընդգծեց, որ այդ հարցը ևս քննարկման նյութ է: «Կարելի է քննարկել, չեմ կարծում, որ լուրջ հարց կա: Սահմանափակումը պետք է տրամաբանական լինի և տարածքի մեջ տեղավորվելու ընդհանուր տարամաբանության մեջ պետք է լինի: Ուրիշ սահամափակումները լինելու են արհեստական: Նախ` խոսվում է մասնակիցների լիարժեք մասնակցությունն ապահովելու մասին: Թեկնածուների վստահված անձինք և մնացած բոլորը… Ես վստահ եմ, որ տեղամասում եթե անգամ անաչառ մեկն եղավ, այդ տեղամասում խախտումներ չեն լինի: Մենք դա անցած փորձից գիտենք: Այստեղ թիվն այդքան կարևոր չէ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ թվի հետ կապված էլ, ողջամիտ քննարկումների արդյունքում, կարելի է համաձայնության գալ»,- ասաց Ռուստամյանը: