Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դա հանկարծակի բան չէ, Սահմանադրությամբ է նախատեսված. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ մայիսի 2-ի նիստում պետք է առաջադրվեր վարչապետը, ինչո՞ւ են հանկարծակի այն տեղափոխել ապրիլի 16-ին:
«Վարչապետի թեկնածուն պետք է առաջադրվի Սահմանադրության ժամկետներին համապատասխան: Վարչապետի ընտրության համար խորհրդարանական ուժերը պետք է ձևավորեն կայուն մեծամասնություն, ինչի համար ժամանակ է հատկացվում: Դրա հետ կապված` պետք է նախապես տեղի ունենան քննարկումներ»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով` վարչապետի ընտրությունն ԱԺ-ում ֆորմալ բնույթ է կրում, քանի որ եթե չլինի համաձայնություն վարչապետի անձի շուրջ, կայուն մեծամասնություն չլինի, վարչապետի թեկնածուն չի համարվի առաջադրված:
Անդրադառնալով կոալիցիայում վարչապետի անձի շուրջ քննարկումներին` նա ասաց, որ ապրիլի 9-ին մոտ առաջին քննարկումները տեղի կունենան: «Հանրապետականը պետք է առաջադրի վարչապետի թեկնածուին: 9-ից շուտ տեղի կունենա այդ քննարկումը, բայց դրանից շուտ չենք հայտարարի: Մինչև ապրիլի 9-ը ներքին կարգով կիմանանք վարչապետի թեկնածուի անունը, բայց ապրիլի 9-ից շուտ չենք հայտարարի»,- ասաց Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է հարցին` Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի համար նախընտրելի թեկնածո՞ւ է, նա ասաց, որ ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել ցանկացած անուն, որ կառաջադրի ՀՀԿ-ն: «Վարչապետի առաջադրման հարցը գտնվում է հանրապետականների դաշտում: Նրանք պետք է խնդիրը որոշեն, նրանք ունեն այդ իրավունքը նաև մեր կոալիցիոն հուշագրով: Նրանք կքննարկեն, կառաջադրեն, ինչից հետո ՀՅԴ-ն իր խոսքը կասի: Մենք չենք պատրաստվում շեղվել կոալիցիոն հուշագրի դրույթներից»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը` Սերժ Սարգյանը հայտարարել է, որ չի հավակնի երկրի առաջնորդի պաշտոնին, Ռուստամյանը պառտասխանեց, որ Սերժ Սարգսյանի խոսքերն ավելի լավ, քան ինքը, որևէ մեկը չի կարող մեկնաբանել: «Ի տարբերություն բոլոր մնացած ուժերի, ՀՅԴ-ն երբ գնում էր փոփոխությունների, դա չի պայմանավորել անձերով: Մենք չենք էլ բացառել, որ նույն Սերժ Սարգսյանը կհավակնի վարչապետի պաշտոնին, սակայն հենց նույն Սերժ Սարգսյանը չի ունենալու այն լայն լիազորությունները, որ ուներ մինչ այդ: Մենք երաշխավորում ենք, որ ամեն մեկն ունի իր առանձին դաշտը, քաղաքական համակարգում կատարվել են լրջագույն փոփոխություններ, սա է կարևորը»,- ասաց նա` շեշտելով, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:
Դիտարկմանը` խորհրդարանում վերջին շաբաթների ընթացքում քննարկված օրինագծերում առաջարկվող փոփոխությունները մեծ մասամբ ուղղված էին վարչապետի դերի բարձրացմանն ու, ըստ էության, հանրապետության համար կարևոր հարցերի մասին որոշում կայացնելու է ՀՀ վարչապետը, և հարցին` արդյո՞ք այս պայմաններում կարելի է խոսել ոչ միապետական կառավարման համակարգի մասին, Ռուստամյանը պատասխանեց. «Այո, վարչապետը պետք է ունենա լիազորություններ, բայց ասել, որ միայն վարչապետն ունի այդպիսի լիազորություններ, ճիշտ չէ: Լիազորությունները բաշխվել են, ապակենտրոնացում է տեղի ունեցել, լիազորությունների մի զգալի մասն անցել է խորհրդարանին, մի մասը` կառավարությանը, որի ղեկավարը վարչապետն է, և մի զգալի մասն անցել է անկախ դատական համակարգին: Մենք ունենալու ենք իշխանության ճյուղերի տարանջատումն ապահովող համակարգ, որում դերակատարություն ունի նաև նախագահը»: