կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-14 12:03
Իրավական

Ոստիկանապետի հետ բաց եւ անկաշկանդ զրույց է եղել. Արմեն Ռուստամյան

Ոստիկանապետի հետ բաց եւ անկաշկանդ զրույց է եղել. Արմեն Ռուստամյան

ԱԺ ավանդական ճեպազրուցում, անդրադառնալով Սյունիքի դեպքերին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ եթե ստեղծված մթնոլորտը շարունակվի, նույն դեպքերի ականատեսը կլինենք:

 

«Մարդկանց թվում է, որ իրենք անպատժելի են: Նրանք երկարատեւ ծառայություններ են մատուցում իշխանություններին եւ չարիք դառնում հասարակության համար»,- նշեց նա եւ հավելեց, որ հիմա ամենալավ առիթն է, որ վստահելի ընթացակարգով գործը բացահայտվի:

 

Դեպքն, ըստ Ռուստամյանի, պատահական հանցագործություն որակել չի կարելի, եւ միայն այն, որ այդքան զենք եւ զինամթերք է հայտնաբերվել, արդեն տագնապ է հարուցում: ՀՅԴ-ական պատգամավորի կարծիքով` որոշ մարդիկ, անվերահսկելի զենք ու զինամթերք ունենալով, իրենց բանակներն են ստեղծում: Նման իրավիճակում հարկավոր են համակարգված լուծումներ, հարկավոր է ասել, որ  օրենքի առջեւ այլեւս հավասար են բոլորը:

 

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաեւ ոստիկանապետի հետ երեկվա հանդիպմանը: Նախաձեռնությունը ՀՅԴ-ական պատգամավորներինն էր: Ռուստամյանը նշեց, որ Պռոշյանում լարվածությունը չի մեղմվում, ավելի է սրվում, եւ, բնականաբար, լուծումը հանցագործության հնարավորինս արագ բացահայտման մեջ է: ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարեց, որ բավականին գոհ են հանդիպումից` բաց եւ անկաշկանդ խոսակցություն է եղել, հարցերին բավարար պատասխաններ են տրվել: Նա տեղեկացրեց, որ, օրինակ, ոստիկանությունը 5 հազար դոլար գումար է խոստանում այնպիսի տեղեկատվության համար, որն էապես կնպաստի գործի բացահայտմանը, անձամբ ոստիկանապետը երաշխավորում է վկաների անվտանգությունը: