Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ն նախագծի համահեղինակը չէ. եթե ստորագրում ես, նշանակում է` համահեղինակ ես. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՅԴ-ն չմիացավ երկուշաբթի ԸՕ փոփոխությունների նախագծի հետ կապված արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին:
«Եթե համահեղինակ ես, նշանակում է, որ քո ասածներից մի բան պետք է ընդունվի, որ համահեղինակ լինես: Մենք երեք առաջարկ ենք արել` մեկը մյուսից լավը, բայց այդ երեք առաջարկները մերժվում են, ինչո՞ւ պետք է ես նախագծին միանամ»,- բացատրեց պատգամավորը և հավելեց, որ իրենք նախագծին կողմ են, բայց դրա համահեղինակը չեն:
Ըստ նրա` նախագծի քննարկումն էլ իրենց նախաձեռնությունը չէր: «Կառավարությունը բերել էր, մենք կողմ եղանք, բայց կառավարությանն էլ հիշեցրեցինք` բոլորի հետ համաձայնեցված երեք առաջարկ կար, ինչո՞ւ չեք ընդունել: Որևէ պատասխան չկա: Ինչո՞ւ պիտի համահեղինակ լինենք մի բանի, որում մեր ասածներից որևէ բան չի ընդգրկվել»,- նշեց Ռուստամյանը:
Դիտարկմանը` ռեյտինգայինին դեմ եք, իսկ դա հանվել է, նա արձագանքեց. «Ռեյտինգայինի մասին չէ խոսքը, դրա հետ բոլորը համաձայնել են, բայց մենք փակ աչքերով չենք միանում որևէ նախաձեռնության: Եթե մեզ հետ որևէ բան չեն համաձայնեցնում, մենք չենք միանում այդ նախաձեռնություններին: Սա է Դաշնակցության տեսակը, պետք է հաշվի նստել այդ տեսակի հետ: Մեզ հետ, ուլտիմատումներով, վերջնագրերով վախեցնելով, չի ստացվելու»:
Միևնույն ժամանակ Ռուստամյանը շեշտեց, որ իրենք նեղացած չեն, որ ուրիշները որոշել են, որ Դաշնակցության հետ կարելի է այդ լեզվով խոսել: «Ում հետ ասես կարող են խոսել, մեզ հետ էլ են փորձել խոսել, չի ստացվել, և թող բոլոր իշխանությունների ճակատագիրը չփորձեն կրկնել ներկայիս իշխանություններն էլ: Բոլորին թվում էր, թե Դաշնակցությունը բոլոր իշխանությունների մոտ հենց տեղ է լինում, մտնում է, բա ինչո՞ւ հիմա դրա մասին չեն խոսում: Մենք մեր տեսակետն ունենք, մեր տեսակետն էլ պաշտպանում ենք»,- շեշտեց նա:
Հարցին` կարո՞ղ է ուրիշ հեռանկարներ ունեն, Ռուստամյանը պատասխանեց, որ իրենց հեռանկարը ազատ, անկախ և միացյալ Հայաստանն է, ուրիշ հեռանկար Դաշնակցությունը չունի:
Դիտարկմանը` օրինակ` ռևանշի, նա պատասխանեց. «Եթե ռևանշով ենք գալու ազատ, անկախ և միացյալ Հայաստանին, այո'»:
Հարցին` Փաշինյանի՞ն նկատի ունի, որ ասում է` իրենց հետ վերջնագրերով չխոսեն, Ռուստամյանն արձագանքեց. «Ես նկատի ունեմ այն թիմը, որն այս գործընթացը սկսել է: Գիտեին, որ մենք չենք միանալու, երեկ ենք սրա մասին խոսել: Ես երեկ մեր այս տեսակետը հստակ փոխանցել եմ առաջին փոխվարչապետին, հիմա նրանք գալիս են, որ մեզ վրա ճնշում բանեցնեն, թե` տեսեք, գնացինք, ՀՅԴ-ն մերժեց: Նրանք չպետք է գային մեզնից ստորագրություն խնդրելու, որովհետև մենք երեկ նրանց ասել ենք, թե ինչու չենք միանալու այդ ստորագրահավաքին: Հիմա բերել են, հրապարակայնացնում են, որ դրանով ճնշե՞ն Դաշնակցությանը, չի ստացվելու»:
Նա ասաց, որ իրենք իրենց երկրում են, շատ բաներ իրենց սրտով չեն, բայց մասնակցելու են ընտրություններին: «Մենք քաղաքական ուժ ենք և տվյալ պայմաններում մեր ծրագրերն իրականացնելու ցանկացած միջոց ու առիթ պետք է օգտագործենք»,- հայտարարեց պատգամավորը:
Ըստ Ռուստամյանի` Դաշնակցության գոյությունն ու աշխատանքը պայմանավորված չեն նրանով, թե ՀՅԴ-ն քանի ձայն կունենա խորհրդարանում: «Եղել է ժամանակ, որ Դաշնակցությունը մեկ պատգամավոր է ունեցել ԱԺ-ում, Դաշնակցությունը 70 տարի երկրում չի էլ եղել, բայց Դաշնակցությունը եղել է: Կարո՞ղ եք մի այդպիսի ուժ նշել, որ այդպիսի փորձություններով անցնի ու պահպանվի: Դա մտածելու տեղ է տալիս բոլորին, որ գոնե մեկ անգամ աշխատեցնեն մտքերը և հասկանան, որ Դաշնակցությունը կա ու պիտի լինի, ուզեն, թե չուզեն պետք է հաշվի նստեն այդ փաստի հետ»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ որոշ ուժեր հայտնվելու են քաղաքական աղբանոցում, Ռուստամյանն արձագանքեց. «Այնքան մարդիկ են այդպիսի հայտարարություններ փորձել վերագրել Դաշնակցությանը: Նախ` ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Դաշնակցությանը: 128 տարի Դաշնակցության մասին ինչ ասես ասվել է, իսկ Դաշնակցություն կա, դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ ոչ»: