|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության են արժանանում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ermenihaber-ի տեղեկացմամբ՝ քաղաքի հնագույն Թափուջաք թաղամասում գտնվող եկեղեցին բյուզանդական ժամանակաշրջանից մնացած բազիլիկ եկեղեցու օրինակ է: Ըստ աղբյուրի՝ ստույգ տեղեկություն, թե որ թվականին է կառուցվել եկեղեցին, չկա. այն թվագրվում է 17-18-րդ դարերով:
Եկեղեցին 2007 թվականին անցել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության պահպանության տակ և վերականգնվել:
Նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Աբդուլլահ Քըլըչը «Անադոլու»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եկեղեցու որմնանկարները հայտնաբերվել են 2007 թվականին միայն, երբ եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են արվել: Մինչ այդ որմնանկարները պատված են եղել սվաղով:
«Ամեն տարի հազարավոր մարդիկ գալիս են` այս որմնանկարները տեսնելու: Նման որմնանկարներ ամբողջ Քարամանում միայն այս եկեղեցում կան, ինչն էլ ավելացնում է եկեղեցու կարևորությունը»,- ասել է նա:
Քըլըչը պատմել է, որ մինչև 2007 թվականը եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես բանտ: Իսկ ներկայումս եկեղեցում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ: