|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան թույլտվությամբ և հուշարձանի սեփականատեր հանդիսացող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ՝ 2016 թվականի մայիսին մեկնարկած ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցու (VII դ.) որմնանկարների մաքրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներն ավարտվել են:
Նշյալ աշխատանքներն իրականացվել են Իտալիայում բնակվող` վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի և որմնանկարների վերականգնման մասնագետ Քրիստին Լամուղէի անմիջական մասնակցությամբ և միջոցներով: Կատարված աշխատանքների արդյունքում այսօր Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցու ներսում տեսանելի են տասը սրբապատկերներ, որոնք վկայում են VII դարի հայկական որմնանկարչության բարձր արվեստի մասին: Եկեղեցու արևմտյան թաղակապի հյուսիսային հատվածում՝ խաչթևին պատկերված է Սբ Գևորգ զորավարը՝ ձիու վրա նստած, թուրը պատրաստ հարվածին, իսկ արևմտյան թևի հարավային կողմում պատկերված է ձիուն նստած Սբ Սարգիս զորավարը՝ մանուկը գրկին և նետը ձեռքին: Ավագ խորանի որմնանկարների շարքը երկրաչափական է, որը որմնագիր նախշի միջոցով նկարազարդ քիվը բաժանում է երկու մասի: Քիվից ներքև՝ ավագ խորանի լուսամուտի աջ կողմում, հայտնաբերվել են երեք սրբապատկերներ, իսկ ձախում՝ երկուսը: Գմբեթարդի կենտրոնական հատվածում «Քրիստոսը փառքի մեջ» տեսարանն է, որի երկու կողմերում մեկական քառաթև քերովբեներ են պատկերված: Գմբեթարդի հյուսիսային կամարակապին պատկերված են Մարիամ Աստվածածնի, իսկ հարավային կամարակապին՝ Սբ Հովհաննես Մկրտչի նրբագեղ որմնապատկերները: Սվաղի քայքայման և թափման հետևանքով բոլոր որմնապատկերների դեմքերի և ձեռքերի հատվածները ժամանակի ընթացքում կորցրել են նրբերանգները և ներկայումս մեծամասամբ սև ու սպիտակ երանգներով են: Այսուհետ, Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցի այցելած բոլոր հավատացյալները, ուխտավորները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան վայելել ոչ միայն հայկական ճարտարապետության խոյակերտ գոհարներից մեկը, այլ նաև հիանալ վաղ միջնադարի հայկական որմնանկարչության վառ օրինակներից մեկով: Որմնանկարների հետագա պահպանման ապահովության համար մոմավառությունը նախատեսվում է կազմակերպել եկեղեցուց դուրս:
Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» պետական բյուջեի ծրագրով առաջիկայում կիրականացվեն նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման և նորոգման գիտանախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները։