Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Քաղաքի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու սպանությունից հետո քարոզարշավը կրկին շարունակում է իր բնականոն ընթացքը:
Yerkir.am-ը զրուցեց Գյումրու ՏԻՄ ընտրություններում ավագանու ՀՅԴ ցուցակը գլխավորող, «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, բժիշկ Աշոտ Կուրղինյանի հետ: Նա նշեց, որ թեև կան տարաբնույթ խոսակցություններ, այնուամենայնիվ, հստակ չէ, որ Վարդևան Գրիգորյանի որդու սպանությունը ընտրական գործընթացների հետ է կապված: «Կան տարաբնույթ խոսակցություններ, երկու կողմն էլ ունեն իրենց տեսակետները: Մենք չենք ուզում հայտարարություններով հանդես գալ և պաշտպանել որևէ կողմի տեսակետը: Իրավապահներն ամեն ինչ կբացահայտեն, մենք մաքսիմալ չեզոքություն ենք դրսևորում: Այս պահին բոլոր կուսակցությունները այդ թվում` նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում են իրենց քարոզարշավը: Քարոզարշավը բնական հունի մեջ է»,- ասաց մեր զրուցակիցը:
Կուրղինյանը նաև անդրադարձավ նախընտրական այն պաստառին, որի վրա զառեր են պատկերված եղել: «Մենք այդ քայլն արդեն դատապարտել ենք: Դա անհարկի քարոզի ձև է: Չպետք է նման պաստառ օգտագործվեր քարոզարշավ իրականացնելիս»,- ընդգծեց նա:
Խոսելով ՀՅԴ թիմի իրականացրած քարոզարշավի մասին` Կուրղինյանը նշեց, որ ցավում է, որ ֆիզիկապես չեն հասցրել շփվել Գյումրիի բոլոր բնակիչների հետ: «Որևէ կոնկրետ բան, որ բաց ենք թողել, չեմ կարող նշել, բայց մի բան ուղղակի ֆիզիկապես չհասցրեցինք, ժամանակն էլ չի բավականացնի` շփվել մեր Գյումրիի բոլոր բնակիչների հետ, թեև ամեն օր ունեցել ենք մեկ, երկու նույնիսկ օր է եղել` երեք հանդիպում: Այսքանով հանդերձ էլ` դա բավարար չեմ համարում»,- ասաց նա` հավելելով, որ այդ բացը փորձել են լրացնել` օգտագործելով մեդիահնարավորություններ, հարցազրույցներ և այլն, բայց ամենաարդյունավետը կենդանի շփումն է:
Կուրղինյանի խոսքով` այս ընթացքում իրենք հանդիպել են մշակույթի ոլորտի մարդկանց, ուսուցիչների, երիտասարդների հետ: «Մեր բոլոր հանդիպումները ես արդյունավետ եմ համարում, շատ ջերմ են եղել դրանք, շատ մարդիկ հայտնել են իրենց աջակցությունը մեզ ոչ միայն հանդիպումների ժամանակ, այլ նաև մասնավոր զրույցներում, մարդիկ այցելել են մեր գրասենյակները և հայտնել իրենց աջակցությունը մեզ»,- ասաց նա:
Վերջում մեր զրուցակիցը նշեց, որ այսօր ունեն մեծ հանդիպում, իսկ վաղը կհանդիպեն Գյումրիի բժշկական կոլեկտիվի հետ և դրանով կեզրափակեն իրենց քարոզարշավը: