կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-15 16:55
Հասարակություն

Հայաստանի առողջապահական ծրագրերից շատերը կարող են արդյունավետ աշխատել նաև Արցախում

Հայաստանի առողջապահական ծրագրերից շատերը կարող են արդյունավետ աշխատել նաև Արցախում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Արցախի Հանրապետությունում: Նպատակը Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքներին ծանոթացնելն է և առանձին ծրագրեր Արցախում ներդնելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելն է:

Ստեփանակերտում պատվիրակության աշխատանքային օրը սկսվեց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ հանդիպումով։

Ողջունելով հյուրերին՝ Կարինե Աթայանը նշեց, որ երկու հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչները մշտապես համագործակցում են, սակայն շոշափելի արդյունքներ կարելի է ակնկալել գործնական այսպիսի աշխատանքի արդյունքում։

«Հուսով եմ, որ ձեր կողմից նախապես ուղարկված ծրագրերն ու առաջարկությունները, որոնց ուղղությամբ արդեն աշխատել ենք՝ կհաջողվի համատեղ աշխատանքի արդյունքում տեղայնացնելով ներդնել նաև Արցախում»,- ասաց Կարինե Աթայանը։

Նա ներկայացրեց երկրորդ հանրապետության առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերն ու համակարգի առանձնահատությունները։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց, որ Հայաստանի կառավարությունը, բոլոր ուղղություններով, այդ թվում առողջապահության ոլորտում, ավելի քան մեկ տարվա ընթացքում կարողացել է հասնել որոշ թիրախների։

«Մենք որդեգրել ենք կառավարման թափանցիկության և արդյունավետության սկզբունքներ՝ հիմնված նորագույն տեխնոլոգիաների վրա»,- ասաց Լևոն Ալթունյանը՝ ընդգծելով առանձին ծրագրերի, մասնավորապես՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման, եվրոպական կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման և ներդրման շնորհիվ բժշկական ծառայությունների որակի նոր մակարդակ ապահովալու ուղղությամբ  իրականացվող ծրագրերը։ Նախարարը կարևորեց, որ բոլոր ծրագրերի ուղղությամբ մեկ տարվա համար նախանշված քայլերն արդեն իրականություն են դարձել։

Լևոն Ալթունյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերից շատերը կարող են արդյունավետորեն աշխատել նաև Արցախում՝ տալով բարելավման ակնհայտ արդյունքներ։

Այնուհետև, Կարինե Աթայանը հյուրերին ծանոթացրեց Արցախի գործընկերների հետ, որից հետո պատվիրակության անդամներ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Էլեկտոնային առողջապահական համարգի ներդրման հանձնաժողովի ղեկավար Վարդան Գևորգյանը, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Արտեմիս Տեր-Սարգսյանը, ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի ներկայացուցիչ Արսեն Միրզոյանը, Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Սամվել Հովհաննիսյանն առանձին խմբերով աշխատեցին՝ ներկայացնելով Հայաստանում տարբեր ուղղություններով իրականացվող առողջապահական ծրագրերի արդյունքները, այդ ծրագրերի Արցախում ներդրման հնարավորությունները և ակնկալվող արդյունքները։

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, փոխնախարար  Տիգրան Սահակյանին և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։