կարևոր
4177 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 21:20
Հասարակություն

Երկրաշարժից մինչեւ աշխարհաքաղաքական ցնցում մեկ քայլ է. Թուրքիան չի հրաժարվի Հայաստանի դեմ իր ծրագրերից

Երկրաշարժից մինչեւ աշխարհաքաղաքական ցնցում մեկ քայլ է. Թուրքիան չի հրաժարվի Հայաստանի դեմ իր ծրագրերից

Շուտով ականատես կլինենք, թե արդյոք ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը կրում է երկարաժամկետ բնույթ, արդյոք Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի Անկարայի դեմ՝ Էրդողանին հեռացնելու նպատակով, թե հակառակը՝ կսատարի նրան։ Այս մասին NEWS․am-ի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիան գտնվում է կարեւոր քաղաքական իրադարձությունների՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, եւ այդ ֆոնին բուռն կերպով քննարկվում է Թուրքիայի հետագա ուղին՝ Էրդողանի հետ կամ առանց նրա։ 

Գանտահարյանն առանցքային պահ է համարում Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածությունը։ Ամենաթեժ հարցերն են ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության շուրջ քննարկումները եւ Թուրքիայի վետոն։ Բացի այդ, Թուրքիան ռազմավարական կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանային հարցերում՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին՝ ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ռուսաստանի շրջափակման տեսանկյունից։

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի մեկուսացման քաղաքականության ֆոնին նկատվում է Մոսկվայի եւ Անկարայի մերձեցումը։ Այս բոլոր հանգամանքները կապված են Թուրքիայում նախագահական ընտրությունների հետ, որը ցնցումների է բախվել ոչ միայն երկրաշարժի, այլեւ աշխարհաքաղաքականության հետեւանքով։ Աշխարհաքաղաքական ցնցումներ կարող են առաջանալ։

Նրա գնահատմամբ՝ շատ կարեւոր նշանակություն կունենա երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքների արդյունավետությունը. այս հարցում հաջողությունը կամ ձախողումը հզոր ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքների վրա:

«Չի կարելի մոռանալ նաեւ մեկ այլ գործոն՝ տնտեսական ճգնաժամը, որը ծագել է դեռեւս տարերային աղետից առաջ։ Իսկ հիմա դրան գումարվում են նաեւ երկրաշարժի հետեւանքների վերացման բազմամիլիարդանոց ծախսերը։ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի խորացումը նույնպես լուրջ ազդեցություն կունենա ընտրությունների վրա»,-նշեց Գանտահարյանը։

Նա կարծում է, որ Թուրքիայի հիմնական ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանի դեմ, չեն փոխվի։

Նրա համոզմամբ՝ ներկայումս նկատվող գործընթացները, այդ թվում՝ մարդասիրական օգնության տեղափոխումը Մարգարայի կամրջով, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որեւէ էական բան չեն փոխի։

Գանտահարյանը հիշեցրեց, որ դեռեւս ամիսներ առաջ պայմանավորվածություն կար բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, սակայն այդ պայմանավորվածությունները դեռեւս կյանքի չեն կոչվել, ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում։ 

«Երկրաշարժի հետ կապված շատ գործընթացներ կրում են նաեւ քաղաքական բնույթ։ Մի կողմից Թուրքիան ընդունում է Հունաստանի արտգործնախարարին եւ օգնություն ստանում մի երկրից, որին Անկարան ամիսներ առաջ սպառնում էր ցեղասպանությամբ։ Մյուս կողմից, Անկարան հրաժարվում է Կիպրոսի օգնությունից։ Այնպես որ, ամեն ինչ պայմանավորված է քաղաքական հաշվարկներով»,-եզրափակեց նա։

Աղբյուրը՝ NEWS․am