Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում ընկալելի է միջազգային հանրության համար, քանի որ Բաքուն փորձում է միջազգային հանրությանը հասկացնել, թե ՀՀ նոր կառավարությունը դիրքորոշում է կոշտացնում Արցախի հարցում՝ խնդիրներ ստեղծելով բանակցային գործընթացում:
Փաշինյանը պատասխանեց, որ, այո, կա նման գնահատական, որ Արցախի հարցի բանակցային գործընթացում հայկական կողմն իր դիրքորոշումը կոշտացրել է: «Բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, այսինքն՝ մեր կառավարության դիրքորոշումն այս ընթացքում չի փոխվել, որովհետև, եթե հիշում եք, հենց ամենասկզբից մենք ասել ենք՝ լինելու ենք իրավիճակին համարժեք: Ինչ նկատի ունեմ՝ դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում ես այս ամբիոնից հայտարարություն արեցի, որը կապված էր այդ պահի իրավիճակի գնահատականի հետ, իսկ դրա էությունը հետևյալն էր՝ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ինքներս ենք հասկանում, որ այս հայտարարությունն այնքան էլ հեշտ հայտարարություն չէ, բայց ինչի՞ համար է սա արվել, ի՞նչ նպատակ է ունեցել: Այս հայտարարությունն արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար, և, ըստ էության, Հայաստանն արել է առաջին քայլն այս ճանապարհին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև ադրբեջանական կողմից: Ցավոք, մինչև հիմա ադրբեջանական կողմից համանման հայտարարություններ չեն հնչում, ընդհակառակը՝ անընդհատ խոսվում է, ակնարկներ են արվում ուժով կամ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու պատրաստակամության, հնարավորության մասին»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի` Ադրբեջանի հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ այդ երկրի իշխանությունները չեն մտածում, որ հարցի կարգավորման որևէ տարբերակ ընդունելի պիտի լինի նաև Արցախի և Հայաստանի համար: «Մենք այս իրավիճակում ընդամենը հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը՝ մնալ իրավիճակին համարժեք: Սա է, ընդհանուր առմամբ, մեր դիրքորոշումը: Մենք շատ կարևոր ենք համարում արձանագրելը, որ բանակցություններն արդյունավետ դարձնելու համար պիտի լինի քննարկման արդյունավետ ֆորմատ, որը, ըստ էության, գոյություն ունի: Այդ ֆորմատը ճանաչվել է 1994 թվականին, երբ ԼՂ-ն ճանաչվել է որպես լիարժեք բանակցային կողմ, և մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ արձանագրված ֆորմատը լիարժեք ձևով գործի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում»,- նշեց վարչապետը:
Տաթև Հայրապետյանը ևս մեկ անգամ հետաքրքրվեց՝ արդյո՞ք մեր դիրքորոշումն ընկալելի է միջազգային հանրության համար: Փաշինյանը վստահեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն արձանագրել է այն սկզբունքները, որոնց շրջանակում պիտի տեղի ունենա լուծումը, և կարևոր է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն արձանագրված է՝ հիշեցնելով, որ Արցախի ժողովուրդն իր դիրքորոշումն արտահայտել է, ունի ինքնորոշման իրավունք և պետք է կարողանա օգտվել այդ իրավունքից: