կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-19 12:05
Հասարակություն

Հայաստանի զարգացումը մեծապես կախված է եղել այն ծրագրերից, որոնցում ներգրավված է եղել ՀՅԴ-ն. Իրինա Բարսեղյան-Կրպեյան

Հայաստանի զարգացումը մեծապես կախված է եղել այն ծրագրերից, որոնցում  ներգրավված է եղել ՀՅԴ-ն. Իրինա Բարսեղյան-Կրպեյան

Ինչպե՞ս կարելի է խոսել հողային զիջումների մասին, երբ հազարավոր զոհեր ենք տվել այդ հողերն ազատագրելու համար. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային հերոս, ՀՅԴ անդամ Թաթուլ Կրպեյանի կինը` Իրինա Բարսեղյան-Կրպեյանը:

Միջանկյալ հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը պաշտոնից հեռանալուց անմիջապես առաջ հարցազրույցի ընթացքում հայտարարեց, թե «գրավյալ որոշ տարածքների վերադարձն անխուսափելի է»:

Մեր հարցին, թե զիջումների գնալու մասին ի՞նչ կասեր ինքը` հերոսը, տիկին Իրինան պատասխանեց. «Երբ պատրաստվում էր պետական ահաբեկչական «Օղակ» գործողությունը, նրանք տեղյակ էին, որ նման մեծ գործողություն է լինելու։ Ապրիլի 30-ին սանձազերծվեց գործողությունը, որի մասին, ի դեպ, մանրամասն գրել եմ իմ` «Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գրքում:  Թաթուլ Կրպեյանը ուներ հնարավորություն հավաքելու իր ջոկատներն ու դուրս գալու Գետաշենից։ Թե ի՞նչ կլիներ ժողովրդի հետ, արդեն Աստված գիտի,բայց նա չարեց դա, ու երբ եկան, նրան առաջարկեցին դուրս գալ, նա պատասխանեց` Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով: Կարծում եմ, որ նա արդեն ասել է` ինչ կասեր»:

Հերոսի կինը նշեց նաև, որ մեր ճշմարտությունը պաշտպանելու հարցում մենք միշտ թուլանում ենք:   «Միշտ ասում ենք՝ ուժի տերն է զորավոր, այսինքն՝ ով ուժեղ է, նա է զորավոր, բայց իրականում հակառակն ենք անում, միշտ թուլանում ենք։ Ունես ճշմարտություն, այդ ճշմարտության համար պայքարել ես, ուրեմն պիտի գնաս մինչև վերջ: Թե հզորներն ի՞նչ կասեն, որոնք այսօր քաղաքականություն են թելադրում` իրենց շահերից ելնելով, ուրիշ հարց է։ Մենք իրավունք չունենք անտեսելու մեր պատմությունը, մեր ժառանգությունը, մեր զոհված տղաների հիշատակը: Մենք իրավունք չունենք անելու այնպես, ինչպես  «հզորներն» են ուզում՝ իրենց շահերից ելնելով։ Մենք պիտի շարժվենք՝ ելնելով մեր շահերից ։ Ունենք, չէ՞, ճշմարտություն, ահավասիկ՝ մեր պատմությունը մեր ճշմարտությունն է։ Մենք ենք անցել այդ ամենի միջով, ոչ թե նրանք, ովքեր թելադրում են»,- նշեց Բարսեղյան-Կրպեյանը:

Անդրադառնալով հակադաշնակցական մթնոլորտի մասին ֆեյսբուքյան իր էջում վերջերս արած գրառմանը` նա ասաց, որ հակադաշնակցական պայքարի վտանգն ինքը տեսնում է` անկախացման տարիներից սկսած։

«Քանի որ Թաթուլը դաշնակցական էր, մենք միշտ այդ վտանգը տեսել ենք: Խորհրդային տարիներին կար հակադաշնակցական քարոզչություն, իսկ այդ վտանգն ավելի ակնառու դարձավ 1994 թվականին, երբ հենց մեր իշխանության ներկայացուցիչները հարձակվեցին Դաշնակցության գրասենյակների վրա, և այդ ժամանակ Թաթուլ Կրպեյանի ու մեր զոհված շատ տղաների լուսանկարները հայտնվել էին գետնին՝ ճզմված, ոտնակոխ վիճակում։ Այդ վտանգը միշտ էլ ունենք։ Մենք ճակատագրի բերումով շփումներ ունենք զոհված տղաների ընտանիքների հետ, որոնցից շատերը դաշնակցականներ են, մենք շատ կապեր ունենք նաև Սփյուռքում և տեսնում ենք, որ շատ ազնիվ մարդիկ կան, որոնք անտեղի վիրավորանքների են արժանանում։ Բացի այդ` զոհված տղաների ընտանիքներն ապրում են, նրանց երեխաները մեծանում են և նույնպես լսում  այդ հակադաշնակցական քարոզչությունը»,- նշեց Բարսեղյան-Կրպեյանը:

Նրա խոսքով` իր համար առավել սարսափելի են անվանարկումները, երբ ասում են՝ «շուն դաշնակ, դավաճան դաշնակ»:

«Մենք ունենք նվիրյալ դաշնակցականի օրինակ , և երբ լսում ենք նման անվանարկումներ, շատ վիրավորված ենք զգում, դրանք հենց Թաթուլի անձին ուղղված ենք համարում։ Կարծում եմ` զոհվածների ընտանիքները նույնպես այդ զգացողությունը կունենան»,- ասաց Բարսեղյան-Կրպեյանը` հորդորելով զերծ մնալ անվանարկումներից:

Ըստ նրա` կուսակցության ներսում էլ մարդիկ պետք է վերանայեն իրենց գործողությունները և գտնեն իրենց թերացման պատճառներն ու անեն այնպես, որ կուսակցությունը դրանից չտուժի։

«Այնուամենայնիվ,  կարծում եմ՝ Հայաստանի զարգացումն այս տարիների ընթացքում մեծապես կախված է եղել այն ծրագրերից, որոնցում ներգրավված է եղել Դաշնակցությունը։ Նաև առանց Սփյուռքի, որտեղ կուսակցականները մեծամասնություն են, հնարավոր չէ, և եթե կուսակցությունը ձեռնպահ է մնում որևէ խնդրի նկատմամբ, ուրեմն  դրանով ինչ-որ չափով վտանգում է երկրի զարգացման ընթացքը։ Պետք է ընտրել ճանապարհը՝ կա´մ դառնալ ընդդիմություն և այդպիսով նպաստել ինչ-որ փոփոխությունների, կա´մ էլ մաս կազմել իշխանությանը և այդ կերպ ունենալ ներդրում»,- նշեց հերոսի կինը:

Իսկ թե Դաշնակցությունը «բազմաշե՞րտ է», թե՞ ոչ, նա նշեց, որ բազմաշերտությունը, առհասարակ,  ամեն տեսակի կազմակերպության էլ բնորոշ է, և այդպես կտրուկ դատել չի կարելի։