կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-24 14:10
Առանց Կատեգորիա

Քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները. Ավանեսյանը՝ նոր սահմանափակումների պատճառով անձնական տվյալների գաղտնիության խախտման մասին

Քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները. Ավանեսյանը՝ նոր սահմանափակումների պատճառով անձնական տվյալների գաղտնիության խախտման մասին

Քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում, որովհետեւ քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները․ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝  «Արմեդ» համակարգի տարածմանը զուգընթաց, նոր սերվերներ են գնվում եւ տեղադրվում՝ մարդկանց տվյալները ապահով պահելու համար: Իսկ ինչ վերաբերում է բժշկական եւ անձնական տվյալների գաղտնիությանը, ապա «քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները»:

Ավանեսյանի խոսքով՝ բոլոր սահմանափակումների, պատվաստման սերտիֆիկատի կամ բացասական թեստի արդյունքների ներկայացման նպատակն է զսպել համավարակի տարածումը:

«Երբ դնում ենք կշեռքի վրա մի կողմից հանրային առողջության կարեւոր հարցը, մարդկանց կյանքի հարցը, մյուս կողմից՝ այս սահմանափակումների անհարմարությունները, ես կարծում եմ, ակնհայտ է՝ հօգուտ ինչի մենք պիտի նայենք», - ասաց նախարարը:

Նշենք, որ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոր սահմանափակումները եւ պատվաստման կամ ՊՇՌ թեստի տվյալները ցույց տալը անձնական տվյալների գաղտնիության խախտման հետ կապված լուրջ խնդիրներ է առաջ բերում:

«Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ անձնագրի համարը։ Լավ, ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք։ Ո՞վ ա որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն ա։ Ու էդ դեպքում էլի բան ավելացրեք էլի մեջը ֊ տան հասցեն, հեռախոսի համարը, սոցքարտ։ Լիքը աշխատելու տեղ կա, բարեշրջելու», - գրել է մասնագետը։