կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-06 18:57
Տնտեսական

Քննարկվել են հայ-ուզբեկական տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները

Քննարկվել են հայ-ուզբեկական տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Սանատուլա Բեկենովին։

Նախարար Կարայանը ողջունել է Սանատուլա Բեկենովին և նշել, որ տնտեսական հարաբերությունների համատեքստում մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել։

Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և համաձայնել, որ երկու բարեկամ ժողովուրդները տնտեսական կապերը զարգացնելու մեծ հնարավորություններ ունեն։

Նախարար Կարայանը Սանատուլա Բեկենովի հետ քննարկել է համատեղ արտադրական կոոպերացիաների հիմնման, ինչպես նաև դեպի երրորդ երկրներ արտահանման հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են ընթացիկ տարվա նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։

Նախարար Կարայանը նշել է, որ հայկական կողմն արդեն իսկ ձևավորել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ուզբեկական կողմի հետ համատեղ կուսումնասիրի այն ոլորտները և ուղղությունները, որտեղ կարելի է զարգացնել տնտեսական համագործակցությունը։ Կողմերը քննարկել են նաև թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։

Ուզբեկական կողմը նշել է, որ Հայաստանի արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունը կարող է լավ օրինակ հանդիսանալ, նաև ընդգծել է տարբեր ոլորտնում փորձի փոխանակման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործակցության հնարավորությունները։