Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաղորդակցության առանձնահատկությունները
Հաղորդակցությունը և հանրային կապերը Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների դեպքում, կատարած աշխատանքը հանրահռչակելուց բացի, ունեն գործառութային նշանակություն և ծառայում են որպես գործիք: Դրանք հնարավորություն են տալիս բարձրաձայնելու հայությանը հուզող խնդիրների մասին, նպաստում են հայ համայնքի անդամներին համախմբելուն, նրանց՝ որպես քաղաքացիների աջակցությունը ստանալուն, Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքներին հայության ֆինանսական մասնակցությանը, ինչպես նաև մեծ դեր են խաղում թուրք-ադրբեջանական քարոզչությանը հակազդելու գործում:
Հայ դատի հանձնախմբերից և գրասենյակներից յուրաքանչյուրն ունի հաղորդակցության և հանրային կապերի իր առանձնահատկությունները, որոնք առաջին հերթին պայմանավորված են գործունեության երկրով, դրա քաղաքական մշակույթով, գործող հասարակական և քաղաքական համակարգերով, կառույցների նպատակներով, առաջադրած խնդիրներով, ինչպես նաև արդեն արձանագրած հաջողություններով:
Արևելքի երկրներում զարգացած չէ լոբբինգի ինստիտուտը, ինչպես Արևմուտքում է: Դա դժվարացնում է Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի և Միջին Արևելքում գործող հանձնախմբերի աշխատանքն ու թելադրում հաղորդակցության և հանրային կապերի այլ միջոցների ու խողովակների ընտրություն: Նրանք իրենց գործունեությունը ծավալում են հիմնականում քարոզչության ոլորտում. սերտ կապեր են հաստատել արաբական գլխավոր լրատվամիջոցների հետ, համագործակցում են հետազոտական կենտրոնների և համալսարանների հետ, միասին աշխատասիրություններ, հրատարակություններ են պատրաստում, գրասենյակը զբաղվում է նաև թարգմանությամբ: Իսկ Արևմուտքի այն ժողովրդավարական երկրներում, որոնցում զարգացած է էթնիկ լոբբինգի ինստիտուտը, հանրայնացման մեթոդները բավական շատ են ու առավել հասանելի, և Հայ դատի հանձնախմբերն ունեն հաղորդակցության առավել լայն հնարավորություններ, գործիքակազմ և համայնքների աջակցությամբ կարողանում են ազդել ընդունվող որոշումների վրա:
Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների առանցքային նպատակներն են հայկական երկու հանրապետությունների միջազգային շահերի սպասարկումը հանրային դիվանագիտության գործիքակազմով, Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայության իրավունքների պաշտպանությունը, սակայն գործունեության ընթացքում ձևակերպվում են հստակ խնդիրներ, և աշխատանք է տարվում դրանք հյուրընկալ պետության բարձրագույն իշխանության քննարկման և որոշման ենթակա հարց դարձնելու ուղղությամբ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայ դատի հանձնախմբերի համար տեղեկության հաղորդման խողովակի դեր են կատարում բանավոր խոսակցությունը, հեռախոսային զրույցը, նամակները, սեմինարները, խորհրդակցությունները, խորհրդաժողովները, կլոր սեղան քննարկումները, տեղեկատվական թերթիկները, լրատվամիջոցները, հանձնախմբերի պաշտոնական կայքերը, սոցիալական ցանցերի էջերը, զանգվածային միջոցառումները, ուղիղ եթերները, տեսանյութերը, հայտարարությունները, ուղերձները, հաշվետվությունները և այլն: Հայ դատի՝ Արևմուտքում գործող հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչները պարբերաբար ունենում են անհատական հանդիպումներ որոշում ընդունողների հետ, կառույցների աշխատանքում կիրառվում են նաև բաց նամակները, առցանց խնդրագրերը, դիմումները, ստորագրահավաքները, բողոքի ակցիաները, ցույցերը, թռուցիկների և տարատեսակ նյութերի հրապարակումը, պաշտոնյաներին ուղղված զանգերը, նամակները և այլն:
Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների տարածած ուղերձների ճիշտ ապակոդավորմանը, հասցեատիրոջը հաղորդելուն, ինչպես նաև ցանկալի որոշումների ընդունմանը նպաստում են նաև հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական վերաբերմունք ունեցող քաղաքական և հասարակական գործիչներն ու կազմակերպությունները, որոնք միևնույն ժամանակ կարող են լինել նաև ուղերձների հասցեատերեր:
Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն ակտիվ գործունեություն են ծավալում թուրքերի, ադրբեջանցիների, թուրքամետ/ադրբեջանամետ գործիչների ու կազմակերպությունների ոչ հայանպաստ գործունեությանը հակազդելու և նրանց հակազդեցությունը կանխելու ուղղությամբ: Այդ գործում հաճախ օգնության են հասնում հաղորդակցությունն ու հանրային կապերը:
Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները տեղեկությունը մատուցում են հիմնականում այն լեզուներով, որոնք տարածված են իրենց գործունեության երկրներում: Դա պայմանավորված է նրանով, որ թիրախային լսարանը օտարազգի քաղաքական գործիչներն են, այդ երկրներում գործող լրատվամիջոցները, ինչպես նաև հայկական համայնքները, որոնց ոչ բոլոր անդամներն են լիարժեքորեն տիրապետում հայերենին:
Որևէ գործողություն կատարելու, պաշտոնյաների կողմից ընդունվող որոշումների վրա ազդելու ուղերձներն առանձնանում են իրենց ազդեցիկությամբ, հստակությամբ, հաճախ` հակիրճությամբ: Դրանք տարածվում են ինչպես որոշ հանձնախմբերի պաշտոնական կայքերում (նույնիսկ առանձին բաժիններ կան), այնպես էլ սոցցանցերի էջերում: Նման ուղերձներով աչքի է ընկնում, օրինակ, ԱՄՆ հանձնախումբը: Կոչերից մեկով հանձնախումբը հորդորում է դիմել Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ հայ խաղաղ բնակչության դեմ կասետային ռումբերի օգտագործմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու համար1: Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հանրությանը գործողությունների դրդող (Take action) հրապարակումներով աչքի չի ընկնում, քանի որ ունի այլ խնդիրներ. համակարգում է եվրոպական երկրներում գործող հանձնախմբերի գործունեությունը, աշխատանք տանում եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ: Նման ուղերձներ տարածում են Եվրոպայում գործող առանձին հանձնախմբեր: Իսկ Միջին Արևելքի գրասենյակի ֆեյսբուքյան էջում նմանատիպ հրապարակումներ չկան՝ պայմանավորված արաբական երկրների քաղաքական մշակույթով:
Հայ դատի կառույցներն ապավինում են հայ համայնքների ներկայացուցիչների ֆինանսական աջակցությանը և հանգանակություններին: Նվիրատվություններ ստանալու ակնկալիքով հանձնախմբերն ու գրասենյակները պարբերաբար դիմում են համայնքներին: Դրա համար որոշ կայքերում բաժիններ կան, իսկ ուղերձներն առանձնահատուկ ուշադրության են արժանի:
Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների տարածած հաղորդագրություններում երբեմն կիրառվում են պատկերավորման միջոցներ՝ հակադրություններ (Armenia restores mosques. Azerbaijan bombs churchs.2), փոխաբերություններ (Turkey adding fuel to the Azerbaijani fire.3), խաչաձևումներ (Yerevan wants peace. Baku wants Yerevan.4), համեմատություններ և այլն, որոնք առավել ազդեցիկ և տպավորիչ են դարձնում ուղերձները:
Պատերազմական հանցագործությունների Բաքվի ջարդերի մասին ահազանգ5 հիշեցում6
Հայ դատի հանձնախմբերը տեղեկությունը ներկայացնում են՝ օգտագործելով ինչպես խոսքային, այնպես էլ ոչ խոսքային միջոցներ՝ լուսանկարներ, տեսանյութեր, գրաֆիկներ, անիմացիաներ, տարբեր տառատեսակներ, տառաչափեր, մեծատառեր, գույներ (հիմնականում կարմիր, կապույտ, երկնագույն, դեղին) և այլն: Նրանց տարբերանշանները թեև ունեն ընդհանրություններ, այնուամենայնիվ, շեշտադրումների առումով նկատվում են տարբերություններ (կապ ունեն գործունեության վայրը, առաջադրված խնդիրները, թիրախային լսարանը և այլն):
Թուրքական պետության կողմից ֆինանսավորվող ռասիզմ7
Հանրային կարծիքի և լրատվամիջոցների դերը Հայ դատի հանձնախմբերի աշխատանքում
Հայ դատի հանձնախումբը իր գործունեության հենց սկզբից կարևորել է հանրության հետ հարաբերությունները, մասնավորապես՝ նրա իրազեկումը Հայ դատի մասին: Իր գործունեության մասին խոսել, խնդիրները բարձրաձայնել է տարբեր միջոցներով՝ մամուլով, ռադիոյով, հրապարակային ժողովներով, տպագրված նյութերով և այլն. հանրային կարծիքի ձևավորման կարևոր նախապայմանը տեղեկության հասանելիությունն է:
Անկախ հանձնախմբերի և գրասենյակների գործունեության առանձնահատկություններից՝ հանրային կարծիքի ուսումնասիրումն ու ձևավորումը Հայ դատի կառույցների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում են:
Մեթոդները, սակայն, տարբեր են. Միջին Արևելքի երկրներում դրանք սահմանափակ են, իսկ Արևմուտքում կան հանրային կարծիքի ձևավորման բազմաթիվ հնարավորություններ, որոնք ևս նպաստել են Հայ դատի՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում գործող հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության և դրա ընթացքում կիրառվող մեթոդների, տեխնոլոգիաների, խողովակների, կոդավորման փոփոխություններին և փոխակերպումներին:
Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքում հանրային կարծիքի ձևավորումը հնարավոր է դառնում հանրային կապերի, լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի, տարատեսակ գիտական ուսումնասիրությունների, գրքերի, ինչպես նաև կարծիքի առաջնորդների և այլ միջոցներով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայ դատի որոշ հանձնախմբերի և գրասենյակների գործունեության ընթացքում հանրային կարծիքը հիմնականում արտահայտվում է բողոքի ակցիաների, պաշտոնյաներին ուղղված նամակների և զանգերի, ստորագրահավաքների, ինչպես նաև լրատվամիջոցների միջոցով:
Լրատվամիջոցների դերը Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն իրենց գործունեության հենց սկզբից էլ կարևորել են և նույնիսկ գրավոր ամրագրել դա: Այսօր օրակարգային թեմաների և հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության լուսաբանումները կատարվում են և՛ հայաստանյան, և՛ արտասահմանյան, և՛ համայնքային լրատվամիջոցներով, և դրանցից յուրաքանչյուրում հրապարակումներն ունեն իրենց յուրահատկությունները:
Համայնքային լրատվամիջոցներում հրապարակված ուղերձները կատարում են ինչպես տեղեկատվական, այնպես էլ կազմակերպական, համախմբման գործառույթներ: Արտասահմանյան լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները և նյութերը նպատակ ունեն կարևոր ուղերձներ հասցնելու օտարերկրյա լսարանին, իսկ աշխարհահռչակ ԶԼՄ-ներով տարածվողները՝ միջազգային հնչեղություն տալու տարատեսակ հարցերի: Հայաստանյան լրատվամիջոցներով հիմնականում հրապարակվում են Հայ դատի կենտրոնական գրասենյակի տրամադրած մամուլի հաղորդագրությունները, հայտարարություններ, այլ նյութեր, տրվում են պարզաբանումներ հայկական երկու հանրապետություններին, Հայոց ցեղասպանությանն առնչվող այս կամ այն հարցի, դրանց վերաբերյալ օտար երկրների և միջազգային կառույցների ընդունած որոշումների և այլ թեմաների մասին:
Չունենալով հաղորդակցության և հանրային կապերի՝ Արևմուտքի երկրներում առկա լայն հնարավորությունները և գործիքակազմը՝ Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի աշխատանքում մեծ տեղ է հատկացվում լրատվամիջոցների հետ հարաբերություններին: Կառույցը սերտ կապեր է հաստատել արաբական աշխարհի գլխավոր ԶԼՄ-ների՝ թերթերի, հեռուստաընկերությունների, լրատվական գործակալությունների, առցանց լրատվամիջոցների հետ և այս առումով մի շարք հաջողություններ արձանագրել: Արևմուտքի զարգացած ժողովրդավարություններում թեև կան էթնիկ շահերի պաշտպանության լայն հնարավորություններ, հաղորդակցության մեջ, ի թիվս այլոց, անգնահատելի է լրատվամիջոցների նշանակությունը:
Ըստ էության, ասելիքը թիրախային լսարանին հասցնելու նպատակով լրատվամիջոցների ընձեռած հնարավորությունները Հայ դատի հանձնախմբերն իրենց գործունեության ողջ ընթացքում էլ օգտագործել են, և տարիների ընթացքում ԶԼՄ-ների հետ հարաբերությունների առանձնահատկություններն ու փոխակերպումները պայմանավորված են առաջին հերթին նորագույն տեխնոլոգիաների առաջընթացով և տեղեկությունն անմիջականորեն հաղորդելու հնարավորությունների ընդլայնմամբ:
Երկրորդ կարևոր գործոնը լրատվադաշտի զարգացման միտումներն են, որոնց վրա մեծ ազդեցություն ունի հենց նորագույն տեխնոլոգիաների՝ լրատվական դաշտ ներթափանցումը:
Հայ դատի հանձնախմբերի հանրային կապերի հիմնական միտումները նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանում
Նորագույն տեխնոլոգիաները Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքը զգալիորեն հեշտացրել են, տեղեկության հաղորդումը՝ դարձրել օպերատիվ, հաղորդակցությունը՝ առավել փոխներգործուն (ինտերակտիվ): Այդ է վկայում կառույցների մեծ ներկայացվածությունն առցանց տիրույթում:
Հայ դատի առավել մեծ հանձնախմբերն ու գրասենյակներն ունեն պաշտոնական կայքեր: Դրանցից յուրաքանչյուրը ունի իր առանձնահատկությունները, բայց և կան հատկանիշներ, որոնք ընդհանուր են բոլորի համար: Կայքերում կարելի է տեղեկություններ գտնել հանձնախմբերի պատմության, աշխատանքի ուղղությունների, հայությանը/համայնքներին հուզող հարցերի, հանձնախմբերի դիրքորոշումների մասին: Հրապարակվում են նաև մամուլի նյութեր, պատմական տեղեկություններ, փաստաթղթեր, աշխատանքի հաշվետվություններ և այլն: Առանձնահատուկ ուշադրության են արժանի որոշ հանձնախմբերի ու գրասենյակների կայքերի այն բաժինները, որոնք կոչ են անում որևէ գործողություն կատարելու՝ մասնակցելու ստորագրահավաքի, նամակ ուղարկելու պաշտոնյաներին, նվիրաբերություն անելու և այլն: Նորագույն տեխնոլոգիաներն այդ քայլերի կատարումը բավական հեշտացրել են. հաճախ պահանջվում է ընդամենը մի քանի վայրկյան:
Հայ դատի կառույցները ներկայացված են «Facebook»-ում, «Twitter»-ում, «Instagram»-ում, «LinkedIn»-ում և այլ սոցիալական ցանցերում: Հանձնախմբերի և գրասենյակների՝ հարթակների առումով նախընտրությունները տարբեր են (պայմանավորված առարկայական և ենթակայական գործոններով), սակայն բոլոր սոցցանցերում հետևորդների թվով առաջատարը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն է (դա թերևս պայմանավորված է հանձնախմբերի շարքում կառույցի ամենամեծ փորձառությամբ և «Facebook»-ի ընձեռած հնարավորություններն առաջինը կիրառելու հանգամանքով): 2021 թ. ապրիլի դրությամբ յուրաքանչյուր հանձնախմբի պարագայում հետևորդների ամենամեծ թիվը «Facebook»-ում է:
«Twitter»-ում և «Instagram»-ում հետևորդների թիվը տարբեր հանձնախմբերի պարագայում տարբեր է: «LinkedIn»-ը՝ որպես հստակ ուղղվածություն ունեցող հարթակ, կարծում ենք, լիարժեքորեն չի ծառայում հանձնախմբերի և թիրախային լսարանի միջև կապի ապահովմանը, ուստի այս սոցցանցում հանձնախմբերի էջերի ակտիվությունը և հետևորդների թիվը մեծ չեն:
Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն առցանց տիրույթում մեծ ուշադրություն են դարձնում նաև տեսողական բովանդակությանը՝ նկարներին, տեսանյութերին, գրաֆիկներին, անիմացիաներին, գրաֆիկական դիզայնին, գույներին, տառատեսակին, տառաչափին և այլն:
Սուրբ ծննդյան բաղադրատոմս8
Ամփոփելով նշենք, որ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների պաշտոնական կայքերը և սոցիալական ցանցերում էջերը ծառայում են հիմնականում լուրերի հրապարակմանը, ուղերձների տարածմանը, գործունեության հաշվետվությանը, հանրային կարծիքի ձևավորմանը, հետևորդների (համախոհների) հետ հաղորդակցությանը և փոխներգործուն հետադարձ կապի ապահովմանը: Դրանք չեն փոխարինել պետական պաշտոնյաների հետ անձնական հանդիպումներին, նամակագրություններին և ԶԼՄ հրապարակումներին, այլ դարձել են հաղորդակցության նոր՝ բավական արդյունավետ միջոցներ:
Հղումներ
1. Տե՛ս Sanction Aliyev and Erdogan, https://marchtojustice.org/sanction-now/issue-form/0/0 (մուտք` 08.03.2021):
2. https://bit.ly/3nddbPT (մուտք` 08.03.2021)., թարգմ.՝ Հայաստանը վերականգնում է մզկիթները: Ադրբեջանը ռմբակոծում է եկեղեցիները
3. https://bit.ly/3FtDp7l (մուտք` 11.02.2021)., թարգմ.՝ Թուրքիան վառելիք (յուղ) է լցնում Ադրբեջանի կրակին:
4. https://bit.ly/3Fam7fa (մուտք` 11.02.2021)., թարգմ.՝ Երևանն ուզում է խաղաղություն: Բաքուն ուզում է Երևանը:
5.https://www.facebook.com/armeniannationalcommitteeuk/photos/3647539761957040 (մուտք` 08.03.2021).
6.https://www.facebook.com/ancagrassroots/photos/10157136340551859 (մուտք` 15.03.2021).
7.https://www.facebook.com/ancagrassroots/photos/10158251138486859 (մուտք` 15.03.2021).
8. https://www.facebook.com/ancaustralia/photos/3477621838958631 (մուտք` 13.03.2021).
«Դրօշակ» թիվ 12 (1661), դեկտեմբեր 2021 թ.