Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին խնդրեց տրամադրել ցուցակ, որից պարզ կլինի` այդքան արծարծվող ընտանեկան ավանդական արժեքներ ասելով` ի՞նչ նկատի ունեն:
«Հետաքրքիր է` որպես այս խորհրդանական մեծամասնության կառավարության անդամ, ի վերջո, կառավարությունն ունի՞ սահմանված` մեր ընտանեկան ավանդույթների ու արժեքների, կոպիտ ասած, ցանկը, որովհետև այս ընթացքում այնքան աբսուրդ բաներ ենք լսել: Հիմա էլ ԱԺ փոխնախագահը ձևակերպում տվեց, և ստացվում է, որ ընտանիքը, որտեղ տատիկն ու թոռնիկն է, կամ երկու քույր են, դրանք ընտանիք չեն: Այդ ցուցակը տվեք` տեսնենք` ձեր ասածի հետ համաձա՞յն ենք, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը:
Փոխնախարարը պատասխանեց, որ այդ եզրույթն օրինագծում կիրառվել է այն հատվածում, որտեղ խոսքն ընդհանուր կարգավորման գաղափարախոսության և ամրագրված սկզբունքային մոտեցման մասին է:
Փաշինյանն արձագանքեց, որ խոսքը ոչ թե բուն օրենքի տեքստին էր վերաբերում, այլ այս օրենքի քննարկման կոնտեքստում հնչած արժեքներին, ավանդույթներին: «Ուզում եմ` ցանկ տաք, հասկանանք: Կոնտեքստից հասկանում եմ, որ, ավանդական արժեք ասելով, այնպիսի աբսուրդ բաներ են նկատի ունենում, որ ես, օրինակ. պատրաստ չեմ ընդունել որպես ազգային ավանդական արժեք: Շատ դեպքերում դա աղբ է, որ պետք է նետել աղբանոցը»,- ասաց նա:
Քոչարյանն էլ նշեց, որ տեղի է ունեցել հանրային լայն քննարկում, և կարծիքների շրջանակն էլ լայն է եղել, ինչը դրական է, քանի որ ինչ-որ իմաստով դրական են այդ առողջ քննարկումները: Ըստ փոխնախարարի` շատ դեպքում օրենքի հեղինակներն էլ համաձայն չեն հնչած մոտեցումներին, գուցե նաև այն բանին, ինչ հենց Փաշինյանը նկատի ունի: