կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 16:29
Մշակույթ

Պարը` մեր ավանդույթների, պայքարի արտահայտչամիջոց

Պարը` մեր ավանդույթների, պայքարի արտահայտչամիջոց

Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ` 1982-ից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.) առթիվ: 1995-ից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:

 

Այսօր մշակույթի նախարարի հրամանով պարարվեստի պահպանման և զարգացման գործում ունեցած ավանդի համար, ինչպես նաև Պարի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվել են մի շարք անձինք:

 

Արարատի մարզի «Վեդի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Աբրահամ Նազոյանը մեկն էր նրանցից, ով Գրիգոր Նարեկացու հուշամեդալով պարգևատրվեց: Yerkir.am-ի հետ զրույցում Նազոյանը նշեց, որ մենք պետք է ազգային պարն ուշադրության կենտրոնում պահենք, որովհետև այսօր ազգային պարը հեռացել է մեր ազգից: «Ահռելի աշխատանք ունենք և մեծ ջանքեր պիտի թափենք, որ մեզնից հետո եկողներին փոխանցենք հենց ազգային պարը»,- ասում է նա:

 

Նազոյանն արդեն 40 տարի է, ինչ զբաղվում է պարով. առաջին քայլերն արել է լուսահոգի Ռազմիկ Թովմասյանի մոտ և զորացրվելուց հետո միայն խորությամբ սկսել զբաղվել ազգային պարով: Նազոյանը 1000-ից ավելի աշակերտ ունի, կան սաներ, ովքեր դրսում են դասավանդում և իրենց կարիերան ստեղծում:

 

Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին` Նազոյանը ցավով նշեց, որ իրենք փաստի առաջ են կանգնել, որովհետև հիմա մարզերում աշխատում են 8 ամիս, մնացած 4 ամիսը դադարեցնում են աշխատանքը ջեռուցման պատճառով: «Այսօր էլ` Պարի միջազգային օրը, մենք միջոցառում չենք անցկացրել, քանի որ սպասում ենք` մի քիչ էլ օրերը տաքանան, որ դահլիճ տաքացնելու խնդիր չունենանք»,- ասաց նա:

 

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ նշեց, որ պարարվեստի երախտավորներին պարգևատրելը ևս մեկ հնարավորություն է, որպեսզի ինչ-որ ձևով ամփոփեն տարվա արդյունքները, հիշեն պարարվեստի մեծերին, նրանց թողած ժառանգությունը: «Պարգևատրելն ինքնանպատակ չէ` մշակույթի ոլորտի ցանկացած ներկայացուցիչ պարբերաբար իրեն արժևորելու, իր արված աշխատանքը գնահատելու խնդիր ունի: Ինչպես նաև մասնագիտական տոներն առիթ են` ոլորտի խնդիրներն ամփոփելու համար, քանի որ յուրաքանչյուր տոնից առաջ կամ հետո կազմակերպվում են քննարկումներ: Ճիշտ է, պարգևը փոքր բան է` իրենց արածի համեմատ, բայց նաև հաճելի է»,- ասաց փոխնախարարը:

 

Ազգային պարի պրոպագանդման համար, Պողոսյանի կարծիքով, իր դրական դերն ուներ «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրումը հանրակրթական դպրոցներում: «Սա կյանքի էր կոչվել դեռևս 2012-ին` կառավարության կողմից ընդունված` մանուկների և պատանիների գեղագիտական դաստիարակության և մասնագիտական կրթության ծրագրի շրջանակներում: Առաջին հերթին` ազգային երգն ու պարը ընկալում ենք որպես կրթելու միջոց: Մեր առջև նպատակ չի դրվել` հանրակրթական դպրոցներում երեխաներին լավ պարել սովորեցնել, այլ խնդիր է դրվում երեխաներին պարի միջոցով կրթել, քանի որ պարը հայ ժողովրդի համար իր ավանդույթների, պայքարի արտահայտչամիջոցն է եղել, և երեխաները պետք է այդ ամենի մասին տեղյակ լինեն, ինչպես ասենք` մշակույթի պատմությանը»,- ասաց Պողոսյանը: