կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-27 12:45
Քաղաքական

ԵՏՄ-ում Հայաստանի անմխիթար գոյությունը չի փաստում բազմակողմ ինտեգրացիայի մասին. Ստյոպա Սաֆարյան

ԵՏՄ-ում Հայաստանի անմխիթար գոյությունը չի փաստում բազմակողմ ինտեգրացիայի մասին. Ստյոպա Սաֆարյան

Խորհրդարանում «Ելք» խմբակցության հրավիրած`  ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին լսումների ժամանակ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ԵՏՄ-ում Հայաստանի անմխիթար գոյությունը չի փաստում բազմակողմ ինտեգրման մասին:

«Հայաստանի որոշումը՝ միանալ ԵՏՄ-ին, փաստարկվել է բացառապես անվտանգության նկատառումներով, բայց ՀՀ իշխանությունները չեն պարզաբանել, թե կոնկրետ որ բաղադրիչը նկատի ունեն»,- ասաց նա:

Սաֆարյանն անդրադարձավ նախագահի այն հայտարարությանը, որ ՌԴ ոչ մի պաշտոնյայից, հատկապես` Պուտինից, երբեք որևէ կշտամբանք չի լսել ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ:

«Սա լավագույն օրինակն է՝ ցույց տալու, որ ինքնիշխան քաղաքականություն այստեղ գոյություն չունի: Սա ինքնիշխան «և, և» չէ, այլ` թույլատրված: Այդ հայտարարությունից հետո «և, և» բառը չէի ցանկանա այդ համատեքսում դնել»,- ասաց Սաֆարյանը:

Նա ընդգծեց, որ ԵՏՄ-ն գրեթե ոչ մի խոստում կյանքի չի կոչել, այդ թվում` արդյունաբերական բնագավառում տեղի ունեցած ներդրումների խոստումները, մասնավորապես՝ «Նաիրիտի» վերագործարկման համար նախատեսված 500 մլն դոլարի ներդրումները:

«Փորձ է արվում այս ամենն արդարացնել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներով, բայց կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք մենք ապագայում ունենալու ենք հույսեր, որ մեզ տված խոստումները կյանքի են կոչվելու», - նշեց Սաֆարյանը:

Նա նաև անդրադարձավ գազի սակագնին, հիշեցրեց, որ Պուտինը Երևանում պաշտոնական այցով գտնվելու ժամանակ հայտարարել էր, որ Երևանին արվել են գազային պայմանագրով սահմանված զիջումներ, որի արդյունքում Հայաստանը «Գազպրոմ»-ին վաճառեց «ՀայՌուսգազարդի» իր վերջին բաժնեմասը: «Մինչև այսօր ներկայացվում է, որ Հայաստանի սահմանին ՌԴ-ն ՀՀ-ին իր ներքին գներով է գազ վաճառում: Շարունակության մասին պիտի խոսեն ՀՀ կառավարությունն ու իշխանությունը և հաշվետվություն ներկայացնեն, թե ի՞նչ մեծահոգության դիմաց է գազը գրեթե կրկնակի գնով այստեղ հասնում»,- ասաց Սաֆարյանը: