կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-07 15:27
Հասարակություն

Չէի ասի, որ մյուսները Զառա Արամյանից ավելին են արել. Ստյոպա Սաֆարյան

Չէի ասի, որ մյուսները Զառա Արամյանից ավելին են արել. Ստյոպա Սաֆարյան

Տեղեկացրել էինք, որ քաղաքապետարանը բնակարան կնվիրի հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին:

Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ. սկսած ոչ հայտնի դեմքերից, վերջացրած մշակույթի գործիչներով` Երևանի ավագանին մշտապես նվիրատվություն է արել: Ըստ Սաֆարյանի` «Բարև Երևանը» միշտ նկատի է ունեցել այն, թե որքանով են այդ նվիրատվությունների համար ապահովված պատշաճ փաստաթղթային հիմքերը:

«Մտավորականների դեպքում մենք շատ ընտրողաբար ենք նայում հարցին, այսինքն` պետք է հաշվի առնվի, թե ով ունի դրա կարիքը` առավելապես: Եղել են դեպքեր, որ մենք հարց ենք բարձրացրել` որքանո՞վ են դրանք տեղին կամ ոչ, բայց եղել են դեպքեր, որ մենք գիտակցել ենք, որ նրանց, իսկապես, կարելի է նման ձևով խրախուսել: Հիմա ես դեռևս ծանոթ չեմ այդ ներկայացված մարդկանց կարիքներին, դրա համար էլ հստակ չեմ կարող ինչ-որ բան ասել: Չեմ բացառում, որ ոմանք կունենան դրա կարիքը»,- ասաց ավագանու անդամը:

Հարցին, թե «Ֆեյսբուք»-ում քննադատության է արժանացել այն, որ Զառա Արամյանին նույնպես բնակարան շնորհելու հրաման է ներկայացվել, Սաֆարյանը պատասխանեց, որ համաձայն չէ քննադատությունների հետ:

«Ես այնքան համաձայն չեմ, քանի որ ամեն մեկի հանդեպ էլ կարող ենք կարծիք հայտնել, թե ով ինչ է արել կամ ինչ չի արել: Զառա Արամյանը, համենայն դեպս, և՛ դերասանուհի է, և՛ հաղորդավար: Վերանալով ամեն ինչից` չէի ասի, որ մյուսներն Արամյանի ֆոնի վրա ավելին են արել: Դա իմ քննարկելու խնդիրը չէ, ես մշակութաբան չեմ, որ գնահատեմ` ով ինչ է արել մշակույթի համար, բայց, համենայն դեպս, գիտեմ, որ նա ֆիլմերում դերեր էլ է խաղացել, այնպես որ` չէի ասի, որ որևէ վաստակ չունի մշակույթում»,- ասաց Սաֆարյանը:

Նա նշեց, որ խնդիրն այլ `` ստացողներն, իրո՞ք, ունեն բնակարանի կարիք: Ըստ Սաֆարյանի` եթե իրենք պարզեն, որ, իսկապես, դա նրանց համար հերթական բնակարանն է լինելու, դեմ կարտահայտվեն: ««Բարև Երևանը» հայտարարել է, որ Երևանի ավագանին և քաղաքապետարանը պետք է ծայրահեղ անհրաժեշտություն ունեցողներին բնակարան նվիրաբերեն: Եթե մենք լինեինք իշխանություն, մենք այլ մոտեցում և քաղաքականություն կունենայինք, ինչը չի նշանակում` արվեստի գործիչներին չէինք խրախուսի: Պարզապես այդ ամենը կարելի է անել ավելի համոզիչ հիմնավորումներով, որպեսզի հասարակության շրջանում կասկածներ չլինեն որոշման վերաբերյալ»,- ասաց նա: