կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-03 16:34
Քաղաքական

Սյունիքի մարզպետն անգնահատելի ֆիգուր էր իշխանությունների համար. Ստյոպա Սաֆարյան

Սյունիքի մարզպետն անգնահատելի ֆիգուր էր իշխանությունների համար. Ստյոպա Սաֆարյան

Հայաստանում չկա որեւէ ողջամիտ մարդ, ով չսպասեր, որ Սյունիքի մարզպետի բոլոր «քաջագործությունների»` անպատժելիությամբ խրախուսումը նման հետեւանքների էր հանգեցնելու. Գորիսում տեղի ունեցած միաջադեպի մասին yerkir.am-ին այսօր ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:

 

Նա համոզմունք հայտնեց, որ բոլորը հասկանում էին, որ մի օր այդ ամենը շատ վատ ավարտ է ունենալու:

 

«Նախադեպերը շատ են: Պարզապես, քանի որ Սյունիքի մարզպետն անգնահատելի ֆիգուր է իշխանությունների համար` թե’ ընտրությունները կեղծելու, թե’ Սյունիքում բռնատիրություն հաստատելու առումով, բնականաբար, ոչ թե նա էր իշխանության պարտքի տակ, այլ իշխանություններն էին նրա պարտքի տակ եղել մշտապես: Հետեւաբար, այսպիսի մի բան պետք է լիներ, եւ հիմա էլ շատ քիչ կասկածներ ունեմ, որ նրան կպատժեն: Ակնհայտ է, որ նրան արանքից հանում են»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը` նշելով, որ արդեն իսկ նկատելի է, որ հրապարակ են նետվում տեսակետներ, թե նա քնած է եղել, ու այն տպավորություն են փորձում ստեղծել, թե նրա որդին ու թիկնապահն ինքնագլուխ են գործել. ինքը բացարձակ տեղյակ չի եղել:

 

«Ապահով Հայաստան» կարգախոսի ներքո էլ այս միջադեպը Ստյոպա Սաֆարյանը ոչ մի կերպ չի դիտարկում, քանի որ ի սկզբանե ՀՀԿ-ի «Ապահով Հայաստան» կարգախոսը չի ընկալել: ՀՀԿ-ն հենց ինքը, նշեց մեր զրուցակիցը, մեր երկիրն անապահով է դարձրել, հետեւաբար, ինքն առանձնապես սպասելիքներ չունի, որ այն պետք է ապահով լինի:

 

«Մենք այս օրերի ընթացքում բազմաթիվ սկանդալներ ենք տեսնում` աղմկահարույց: Դրանցից`  վարչապետի, Կճոյանի, Աշոտ Սուքիասյանի եւ Փայլակ Հայրապետյանի գործը, Գյումրու դեպքը եւ այլն, այսինքն` մենք ռեժիմի դեմքն ամեն մի փոքրիկ միջադեպով էլ տեսնում ենք` քցող, հալածող եւ այլն»,- ասաց Սաֆարյանը եւ շարունակեց, որ Սյունիքի մարզպետի գոյությունն իր պաշտոնում տարիներ շարունակ եղել է հիասթափության պատճառ շատ ու շատ նորմալ, արժանապատիվ մարդկանց համար:

 

«Սա ընդամենը ինչ-որ էլեկտրաշոկի էֆեկտ էր` վայրկյանական` ավելի լայն շրջանակների վրա ազդելու առումով: Բայց, ընդհանուր առմամբ, բոլոր գիտակից մարդիկ հրաշալի հասկացել են, թե ովքեր են այս երկրի կառավարիչները: Մի օր ցավալի միջադեպի մասին մարդիկ լսում են բանակից, մի օր` մարզպետից, մի օր` վարչապետից… Իհարկե, սա տոտալ նեխման մասին է խոսում, այսինքն` համակարգը ներսից նեխել է արդեն: Եվ համակարգի, բուրգի վերեւում կատարելապես բարոյազուրկ, հանցածին խմբավորումն է»,- նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը: