|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Իշխանությունն այս ընտրություններում միայն մի հարցում չի սխալվել` ընտրություներում պայքարն ընթացել է երկրորդ տեղի համար, եւ այդ տեղի համար պայքարում էր Սերժ Սարգսյանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Անդրադառնալով ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ միջանկյալ զեկույցին` նա ասաց. «Զեկույցում, բառի բուն իմաստով, կասկածի տակ է դրվում Սարգսյանի հաղթանակը: Միջազգային որևէ զեկույց այդքան թափանցիկ չի արտահայտում ընտրությունների կեղծված լինելը, որքան սա»:
Ընդգծելով հետընտրական շրջանի աննախադեպ լինելը` Սաֆարյանը փաստեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը դուրս է եկել Ազատության հրապարակի տիրույթներից և բուռն արձագանք գտել մարզերում:
«Ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը բաց է պահում քաղաքական դաշտի բոլոր ուղիները և բանակցության պատրաստակամություն հայտնում բոլոր քաղաքական ուժեր հետ»,- ասաց նա և հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դասեր է քաղել անցյալից:
Սաֆարյանը նշեց, որ ինքը թեև չի վստահում Սահմանադրական դատարանին, սակայն կողմ է ընտրությունների կեղծվելու փաստով ՍԴ դիմելու` Րաֆֆի Հովհաննիսյանի որոշմանը. «Դիմում ենք, որ հետո չասեն` ինչու չդիմեցիք»: