կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-22 14:52
Հասարակություն

4 տարվա բակալավրիատի ընթացքում 1,5 տարվա ծառայություն իրականացնել. ուսանողների առաջարկը

4 տարվա բակալավրիատի ընթացքում 1,5 տարվա ծառայություն իրականացնել. ուսանողների առաջարկը

Կառավարության ներկայացուցիչների և պատգամավորների հետ ուսանողների կլոր սեղան-քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նախ ներկայացրեց մինչև այս քննարկումներն արված իրենց գործողությունները: Նա ընդգծեց, որ ընդունվել է իրենց այն տեսակետը, որ օրենքում կան շատ բացեր, որոնք պետք է լրացվեն: «Կարևոր է, որ հաշվի առնվի նաև ուսանողների կարծիքը»,- ասաց Դավիթը:

Նախաձեռնության անդամներից Սարգիս Բալղարյանը ներկայացրեց իրենց առաջարկը, որի տակ ստորագրել են 320-ից ավելի դասախոսներ, ուսանողներ, պրոֆեսորներ, գիտնականներ: Առաջարկվում է տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, ինչպես նաև 4 տարվա բակալավրիատի ընթացքում 1,5 տարվա ծառայություն իրականացնել:

«Սա բանակը բուհ բերելու, ոչ թե բուհը բանակ տանելու հնարավորություն է տալիս: Այս ծառայությունը բանակում հնարավորություն է տալիս չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, պահպանվում է կապը բանակի հետ, սա հնարավորություն է տալիս, որ բանակի հետ կապված խնդիրների լուծումներ առաջարկվեն: Մինչև հիմա բանակի մասին ոչ մի գիտական աշխատանք չի գրվել, սա ցույց է տալիս այս ոլորտի բացը»,- ասաց նա:

Դավիթ Պետրոսյանն էլ ասաց, որ նման կերպ բոլորը կանցնեն զինվորական ծառայության, զինվորը չի կտրվի քաղաքացիական կյանքից, նաև ժողովրդագրական խնդրի լուծում կարող է լինել ինչ-որ չափով: «Չեն լինի արտոնյալներ, բոլոր արական սեռի ներկայացուցիչները կտիրապետեն ռազմական ունակություններին»,- ասաց նա:

«Մենք բերել ենք առաջարկը, որը տրվել է ԿԳՆ-ին և կառավարությանը: Հեղինակի անունը չենք նշում` նրա ցանկությամբ: Մենք առաջարկում ենք այնպիսի ճկուն քաղաքականություն մշակել, որը հնարավորություն կտա գիտության կայուն զարգացումն ապահովել: Նպատակահարմար կարող է լինել հետևյալ սկզբունքը, օրինակ` գիտական ուղղության գերակայությունը, տվյալ հաստատության ուսանողների նվաճումները»,- հավելեց Բաղլարյանը: