կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 17:12
Հասարակություն

2516 անվճար տեղեր են նախատեսվում բակալավրիատի, 1715 տեղ` մագիստրատուրայի համար

2516 անվճար տեղեր են նախատեսվում բակալավրիատի, 1715 տեղ` մագիստրատուրայի համար

Վաղը կառավարության նիստում հաստատման կներկայացվի ՀՀ բուհերի 2014-2015 ուստարվա անվճար եւ վճարովի տեղերի բաշխումը հաստատելու մասին 3 որոշման նախագծեր:

 

Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2014/2015ուստարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի կրթական ծրագրով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ շուրջ 2516 տեղ, որից 135-ը` ՀՀ պետական բյուջեից` առանց լրացուցիչ ֆինանսավորման: Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ' անվճար, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղերի քանակը կլինի 258: Վճարովի հիմունքներով նախատեսվում է 19 հազար տեղ:

 

ՀՀ ԿԳՆ բուհերում նախատեսվում է 1582 անվճար տեղ, 70 տեղ' սփյուռքահայ ուսանողների համար, միջպետական համաձայնագրերի շրջանակներում կատարվող ընդունելության ձեւով' 13 տեղ: 60 նպատակային անվճար տեղ հատկացված է ԼՂՀ-ին, 485 տեղ' պաշտպանության նախարարության բուհերին կամ ֆակուլտետներին, 55 տեղ' ոստիկանության կրթահամալիրին, 60 տեղ' ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիային, 70 տեղ' հայ-ռուսական սլավոնական համալսարանին, 35 տեղ' Հայաստանում ֆրանսիական համալսարանին, եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային' 15 անվճար տեղ, ամերիկյան համալսարանին' 15 տեղ եւ եւս 56 պահուստային տեղեր, այդ թվում' Մեղրիին հատկացված:

 

Սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգում տրամադրվել են առանձին ընդունելության տեղեր' ըստ մասնագիտությունների:

 

Ինչ վերաբերում է մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության անվճար տեղերին, ապա, ընդհանուր առմամբ, նախատեսված է 1715 անվճար տեղ, որոնցից 1312-ը' առանց բանակ զորակոչվելուց տարկետման իրավունքի, 100-ը' բանակից զորացրվածների համար ու 403 տեղ' բանակ զորակոչից տարկետման իրավունքով:

 

Մագիստրոսի կրթական ծրագրով անվճար տեղերը բաշխվում են հետեւյալ կերպ' ՀՀ պետական բուհերը կունենան 1458 անվճար տեղ,  20 տեղ' հայ-ռուսական սլավոնական համալսարանը, 3 տեղ' Հայաստանում ֆրանսիական համալսարանը, 8 տեղ' Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան, 20 տեղ' Հայաստանի ամերիկյան համալսարանը, 28 տեղ' ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, 7տեղ' ՀՀ ՊՆ-ն' Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Եվս 10 տեղ կունենա ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, 38 տեղ' Պետական կառավարման ակադեմիան, 3 տեղ' Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան' ֆիզիկայի ինստիտուտը, եւ եւս 23 անվճար տեղեր են նախատեսված միջպետական համաձայնագրերով ՀՀ պետական բուհեր ընդունված օտարերկրյա քաղաքացիների համար: Մագիստրոսի կրթական ծրագրով 67 անվճար տեղեր էլ համարվում են պահուստային:

 

Ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերն ու առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին որոշման նախագծով էլ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2014-2015 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել շուրջ 379 տեղ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով, որոնցից 239 տեղ առանց տարկետման իրավունքի և 140 տեղ տարկետման իրավունքով, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով, 14 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով: