կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-28 15:33
Առանց Կատեգորիա

Մագիստրատուրայում բակալավրիատի ծրագիրն են կրկնում

Մագիստրատուրայում բակալավրիատի ծրագիրն են կրկնում

Հայաստանում բարձրագույն կրթությունը ներկայումս բարեփոխումների եւ զարգացման կարիք ունի:

 

Բարձրագույն կրթության բարեփոխումների հիմքում Բոլոնիայի հռչակագրով 1999-ից հիմնված եվրոպական համակարգն է, որին ՀՀ միացել է 2005-ից: «Հայաստանը բոլոնյան գործընթացում առաջատար դիրքերում չէ, այլ` միջանկյալ կարգավիճակում: Այն մեզ համար կարեւոր գործընթաց է»,- ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

Նախարարը նշեց, որ կրթության ոլորտում հիմնական փոփոխությունները Հայաստանում արդեն կատարվել են: Սակայն բոլոնյան գործընթացը ճիշտ չի ընկալվում հասարակության կողմից, բախվում է մի շարք խնդիրների: Այդ պատճառով բարձրագույն կրթության բարեփոխումների ամբողջական արդյունավետության մասին խոսելը դեռ վաղ է:

 

«Կրթության համակարգի բարեփոխումները ձեւական բնույթի են, որոնք, կարելի է ասել, թելադրվեցին եւ պարտադրվեցին»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

 

Իսկ  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին հետաքրքրում է` այսօր Հայաստանում ո՞ւմ է պետք ուսյալ եւ կիրթ երիտասարդը, եթե չի կարող գտնել իր տեղն ու դիրքը սեփական երկրում: «Բոլոնյան գործընթացը լուրջ ծրագիր է, որն ի զորու է աշխատել, եւ որքան արագ այն գործի, այդքան կշահի մեր կրթական համակարգը»,- ասաց նա:

 

«Ընդունելով բոլոնյան ծրագիրը` պետք է անցնեինք եռաստիճան բարձրագույն կրթությանը: Հայաստանում հինգ տարվա ծրագիրն անցնում են չորս տարում։ Հայ երիտասարդները սովորում են, ինչ էլ նրանց մատուցեն: Այլ է պատկերը մագիստրատուրայում. այնտեղ երիտասարդները սովորելու բան չունեն, այլ կրկնում են բակալավրիատի ծրագիրը»,– ասաց Արմեն Աշոտյանը եւ ավելացրեց, որ երիտասարդը անվստահությամբ ու հիասթափությամբ է  վերաբերվում իր կրթությանը. նա ուզում է սովորել ավելին, սակայն ԲՈՒՀ-ը դա նրան չի տալիս: Նա նաեւ բացատրեց, որ սխալ է այն կարծրատիպը, թե բակալավրիատը թերի բարձրագույն կրթություն է։ «Դա բարձրագույն կրթության առաջին լուրջ աստիճանն է»,- հավելեց նախարարը: