կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-15 14:13
Հասարակություն

Հիմարություն է. Արծվիկ Մինասյանն` իր և վարչապետի միջև հակասությունների մասին

Հիմարություն է. Արծվիկ Մինասյանն` իր և վարչապետի միջև հակասությունների մասին

Արծվիկ Մինասյանի և Կարեն Կարապետյանի միջև ոչ մի խնդիր չկա: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց հենց ինքը` բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա «հիմարություն» որակեց մամուլի այն հրապարակումները, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ու ինքը չեն շփվում միմյանց հետ և նույնիսկ չեն բարևում իրար: Նա նշեց, որ նախարար և վարչապետ հարաբերությունների մեջ են: «Հրապարակողներից պետք է հարցնել, թե ինչո՞ւ են նման բաներ հրապարակում»,- ասաց Մինասյանը:

Հարցին` անհի՞մն են այդ հրապարակումները, նա պատասխանեց. «Համենայն դեպս, այն, ինչ ներկայացվում և տպվում է, իրականության հետ կապ չունի»:

Իսկ իրականությունը, ըստ նախարարի, այն է, որ ինքը` որպես ոլորտի պատասխանատու, իր պարտականությունների շրջանակն ունի, իսկ վարչապետն էլ` որպես կառավարության ղեկավար, նախարարների աշխատանքը համակարգելու և կոնկրետ հանձարարականներ տալու սահմանադրական լիազորություններ ունի:

Մինասյանը մեկ անգամ ևս նշեց, որ չգիտի` որտեղից են վերցնում այդ տեղեկությունները, ով է այդ հրապարակումների պատվիրատուն: «Դրա փոխարեն թող օգնեն մեզ` շրջակա միջավայրը ավելի բարելավենք»,- ասաց նա:

Հարցին` եթե պատվեր է, կասկածներ կա՞ն` ով է, նախարարը պատասխանեց. «Ճիշտն ասած` չեմ ուզում բարձրաձայնել դրա մասին, որովհետև ես մտածում եմ, որ ավելի լավ է` իմ գործն անեմ: Կոալիցիոն հուշահգրով էլ մենք ունենք կոնկրետ նպատակադրում` կապված շրջակա միջավայրի հետ: Շրջակա միջավայրում վերափոխումներ են` այդ նպատակին գնալու կոնկրետ գործողություններով ու միջոցառումներով: Այդ ընթացքում բնական է` կլինեն մարդիկ, ովքեր կարող են դժգոհել, չհամաձայնել, առավել ևս` նրանք, ովքեր տարիներ շարունակ փորձել են սնվել ապօրինի ծառահատումներով, բնական ռեսուրսները չարաշահելով: Միգուցե դա այս ուղղություններից է գալիս, չեմ կարող ասել, բայց, համենայն դեպս, ես կհորդորեմ, որ նրանք, ովքեր իսկապես ուզում են իրավական պետություն տեսնել ՀՀ-ն, օգնեն մեզ այս հարցում»: