կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-12 15:14
Քաղաքական

Արծվիկ Մինասյանն առաջարկեց հաշվետվություն ներկայացնել աղբահանության վարկային ծրագրի իրականացման մասին

Արծվիկ Մինասյանն առաջարկեց հաշվետվություն ներկայացնել աղբահանության վարկային ծրագրի իրականացման մասին

Այսօր ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովում ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որն իրականացնում է աղբահանության ծրագիր:

 

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը հարցրեց Վաչե Տերտերյանին, թե ինչո՞ւ է ընտրվել հենց Կոտայքի մարզը, և ինչո՞ւ չի իրականացվում ամբողջական աղբահանության ծրագիր, այլ՝ կտոր-կտոր` որոշ տեղերում: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ, ըստ երևույթին, Կոտայքի մարզն ընտրվել է, որովհետև այն ավելի մոտ է Երևանին, բնակչությունն ունի խտություն, և կան տնտեսական հիմնավորումներ: Նրա խոսքով՝ ծրագիրն առաջարկում է ռեգիոնալ աղբահանություն, առավելագույնս քիչ աղբավայրեր, շեշտը դրվում է դրա վրա` որպես հիմնավոր գործոն` էկոլոգիական տեսանկյունից:

 

Լևոն Դոխոլյանը հարցրեց, թե որքա՞ն աշխատատեղ է բացվելու այդ ծրագրի իրականացման արդյունքում: Վաչե Տերտերյանը կրկին չկարողացավ հստակ նշել, թե որքան աշխատատեղ կբացվի` ասելով, որ ծրագիրը դեռ կոնկրետացման փուլում է:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց ներդնել ծրագրի իրականացման մոնիտորինգի գաղափարը ու հարցրեց կառավարությունը` արդյո՞ք կառավարությունը պատրաստ է  պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել այդ մոնիտորինգի վերաբերյալ: Վաչե Տերտերյանը նշեց, որ ծրագրի իրականացման մոնիտորինգ ՏԿԱԻ նախարարությունը ներկայացնելու է ոչ միայն եռամսյակային, այլև ամսական:

 

«Վարկային ծրագրի իրականացումը պետք է հրապարակային լինի` ամբողջությամբ: Այս վարկային ծրագիրը ոչ թե ենթադրում է աղբահանություն, որն իրականացնում է պետությունը՝ համայնքների համար, այլ համայնքներն իրենք իրենց համար են դա իրականացնում, պետությունը պարզապես հանդես է գալիս որպես երաշխավոր ու միջնորդ»,- ասաց փոխնախարարը: