կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-06 11:34
Հասարակություն

WikiLeaks-ը` Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունների մասին

WikiLeaks-ը` Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունների մասին

WikiLeaks կայքում հրապարակվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան` 2009 թ. փետրվարին գրված նամակը, որում ներկայացվում են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին:

Նամակում ասվում է, որ Հանրապետական կուսակցության քարտուղար Սամվել Նիկոյանը դեսպանատան աշխատակիցներին պատմել է, թե ինչ ինտրիգներ են հյուսվում վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջը, և որ նրան փորձում են գահընկեց անել:

Նիկոյանն ասել է, որ Սերժ Սարգսյանն այցելել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին այն բանից հետո, երբ կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը խորհրդարանում տապալել են կառավարության ներկայացրած օրինագծերից մեկը:

Ս. Սարգսյանը Քոչարյանին ասել է, որ «նա կարող է լինել վարչապետ, եթե ցանկանում է, սակայն այդ դեպքում ստիպված կլինի բերել նաև նոր նախագահ»: Այս խոսքից հասկանալի է դարձել, որ Սարգսյանը չի պատրաստվում հանդուրժել Քոչարյանի գործողություններն ընդդեմ Տիգրան Սարգսյանի կառավարության:

Ըստ Նիկոյանի` Քոչարյանը ցանկության դեպքում կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, անհրաժեշտ ձայներ հավաքելով խորհրդարանում, չնայած Սերժ Սարգսյանի դիմադրությանը: Սակայն, նրա կարծիքով, այդ պահին Քոչարյանը չի ցանկացել նման քայլի գնալ:

Նամակի մեկնաբանության նշվում է, որ շատ է խոսվել «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից կառավարությունը գլխավորելու հնարավորության մասին: Սակայն ամերիկյան դիվանագետների հետ զրույցում Նիկոյանը թերահավատորեն է մոտեցել այս հարցին` ասելով, որ չի կարող պատկերացնել, թե ինչպես ձեռնամարտի անգրագետ մարզիկը կարող է գլխավորել կառավարությունը:

ԱՄՆ փոխդեսպան Փենինգթոնի պատրաստած նամակում գրված է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունները մտահոգիչ են: «Մենք ակնկալում ենք, որ Քոչարյանն ինչ-որ ժամանակ կսպասի, հավանաբար՝ մինչև առաջիկա տնտեսական-ֆինանսական ճգնաժամը կհարվածի երկու Սարգսյանների վարկանիշին, և այդ ժամանակ երևի ավելի վճռական քայլ կանի՝ վերադառնալու իշխանության` այլ կարգավիճակով»,- ասվում է փաստաթղթում: