կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-06 14:15
Քաղաքական

Ինչպե՞ս եք խուսափում «Տիրովին տերն է տարել, անտերին` գելը» սկզբունքից. Փաշինյանը` Ալթունյանին

Ինչպե՞ս եք խուսափում «Տիրովին տերն է տարել, անտերին` գելը» սկզբունքից. Փաշինյանը` Ալթունյանին

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին մի քանի հարց ուղղեց: Պատգամավորը նախ հետաքրքրվեց` մտադիր չե՞ն պետության հաշվին սրտի ստենտավորման սկզբունքը փոխել, թե՞ մինչև ինֆարկտի չհասնի, չեն փոխհատուցի: Բացի այդ, ըստ նրա, պարտադիր պահանջ է, որ շտապօգնությունը պետք է բերի, բայց եթե մի քիչ ուշանում է, և սեփական մեքենայով են տանում, զրկվում են պետպատվերից:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցը վերաբերում էր անպտուղ զույգերի արհեստական բեղնավորման ծրագրի կրճատմանը, այն դեպքում, երբ բյուջեից ընդամենը 78 մլն դրամ էր տրամադրվում: Նրա խոսքով՝ գինը կարելի էր առնվազն քառապատկել մոր և մանկանն ուղղված միջոցների կրճատման հաշվին: Ըստ պատգամավորի՝ քիչ ծնունդներ են եղել, և շուրջ 700 մլն դոլար խնայվել է:

Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր պետպատվերների հասցեական հատկացումներին: «Ինչպե՞ս են, ըստ հիվանդանոցների, բաշխվում, և ի՞նչ եք անում՝ խուսափելու համար այն վիճակից, որ ինչպես ասում են՝ «Տիրովին տերն է տարել, անտերին` գելը» սկզբունքն է գործում: Որ ԲԿ-ն տեր ունի, գումար է ստանում և շատ: Որը չունի, իրենց ֆինանսներով են աշխատում և տուժում են»,- ասաց նա:

Ալթունյանը նախ հստակեցրեց, որ իրենք չեն հայտարարել, թե սրտի ցանկացած ստենտավորում անվճար է: «Անվճար է սոցիալապես անապահով խավի սրտի խնդիրների հոգածությունն այն գումարով, որ հատկացված է, նաև` զինծառայողների ու նրանց ընտանիքների, և բնակչության` զուտ կյանք փրկելու ծախսերը»,- ասաց նա և տեղեկացրեց, որ սկզբունքն այդպես են մշակել, որովհետև ունեն ընդամենը 1500 ստենտավորման գումար և պետք է որոշեին` ինչպես հատկացնել, որ փրկեին՝ օբյեկտիվորեն զտելով: «Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե գումար ունենային, ապա նախապես կձեռնարկեին ինֆարկտ կանխելը, և եթե զարգացել է, ուրեմն չունի գումար: Եթե գումարի հատկացումը մեծանա, այդ ժամանակ կմտածենք, թե ինչպես ձևը փոխենք»,- ասաց նախարարը:

Ըստ Ալթունյանի` անպտուղ զույգերին օգնությունը հանվել է ծրագրի սղության ու անհնարինության պատճառով: «Տրված գումարը քիչ է, բաշխվում է սուբյեկտիվ ու արդյունավետ չէ»,- ասաց նախարարը և նշեց, որ հիմա քննարկվում են բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել:

Ինչ վեաբերում է պետպատվերի բաշխման սկզբունքներին, ապա Ալթունյանը հայտնեց, որ մյուս տարի կբաշխեն՝ ծառայությունները կենտրոնացնելով, ինչն էլ կհանգեցնի գների նվազմանը, դա ստենտի գների դեպքում ևս աշխատեց: «Նույն մոտեցումը կլինի մնացած ծառայությունների գծով»,- ասաց նա: