Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում ամեն ինչ պետք է տեղի ունենա օրինականության սկզբունքի հիման վրա. լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:
«Կալանավորումը, նախնական կալանքը և մեղադրանք առաջադրելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մենք այսօր տեսնում ենք, հասկանում ենք՝ ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում օրինականության սկզբունքը հարգելու հիման վրա, այլ դրանից շեղում է տեղի ունենում: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նախնական կալանավորումը դեռ ազատազրկման ձևով պատիժ չէ, և այս կալանավորումները պարունակում են ոչ թե արդար նպատակներ, այլ բեմադրություն են: Արդեն 8 ամիս է անցել, այսպես կոչված, հեղափոխությունից, որն, իմ կարծիքով, տեղափոխություն էր, այդ գործերն արդեն պիտի լինեին դատարանում` ծանրակշիռ մեղադրական եզրակացություններով, մինչդեռ նման եզրակացություններ գոյություն չունեն, պարզապես կան բեմադրություններ՝ նախնական կալանքի տակ վերցնել, հետո բաց թողնել, անհրաժեշտության դեպքում՝ շահարկել: Սա ապօրինություն է: Քոչարյանի գործի վերաբերյալ մանրամասներին ծանոթ չեմ, որքանով տեղյակ եմ՝ դա տեղի չի ունեցել օրինականության և արդարության սկզբունքի հիման վրա»,- շեշտեց Փոստանջյանը:
Ըստ նրա` նախնական կալանավորման դեպքում անձն անմեղ է համարվում, քանի որ գործում է անմեղության կանխավարկածը, և որ նախնական կալանավորումը չի կարող տևել տարիներ: «Նախնական կալանավորումը մշտապես ենթակա է վերանայման, այն բացառիկ միջոց է, որին պետք է դիմել միայն բացառիկ պայմաններում: Տվյալ պարագայում մենք հասկանում ենք, որ այդ նախնական կալանավորումներն այսօրվա իշխանություններն օգտագործում են իրենց քաղաքական շահերի հետապնդման նպատակով և քաղաքացիներին դա ներկայացնում են որպես պատժի միջոց, այսինքն՝ ազատազրկման ձևով պատժի միջոց, իսկ քաղաքացիները պետք է հստակ տարանջատեն՝ նախնական կալանավորումը ազատազրկման ձևով պատիժ չէ: Եթե ուզում ենք հասնել արդարադատության, ապա, կրկնում եմ, մեղադրող կողմը պետք է ծանրակշիռ մեղադրանքներով ներկայանա դատարան և ապացուցի, որ այս մարդիկ մեղադրյալներ են: Իսկ կալանավորել, հետո բաց թողնելը, նման ձևով մանիպուլյացիաները չեն հետապնդում օրինականության սկզբունքի հիման վրա արդար նպատակներ»,- նշեց Զարուհի Փոստանջյանը:
Նա համոզված է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեծ լծակներ ունի, որոնք օգտագործում է, ինչի մասին վկայում են գաղտնալսումները: «Երբ նրա հետ խորհրդակցում են, ասում է՝ սպասեք, ապե'ր, մի քիչ մտածեմ, տեսնեմ` ինչ ենք անելու: Եվ դատավորն է զանգում, նույնիսկ նրանք որոշում են, թե գրավի չափը որքան պիտի կազմի, և սա տարածվում է բոլորի նկատմամբ, հատկապես` նրանց, ովքեր ունեն քաղաքական կապ, ներգրավված են եղել կամ ներգրավված են քաղաքական գործընթացներում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: