կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-27 15:45
Տնտեսական

Սերունդների համերաշխության սկզբունքից մենք հրաժարվում ենք. Տիգրան Սարգսյան

Սերունդների համերաշխության սկզբունքից մենք հրաժարվում ենք. Տիգրան Սարգսյան

Կենսաթոշակային ռեֆորմն առնվազն 35 տարվա հաշվարկ է ենթադրում: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Նա նշեց, որ այս ռեֆորմի վրա աշխատել են 10 տարի, հրավիրել են աշխարհի լավագույն մասնագետներին: «Մեր մասնագետները տարբեր երկրներ են այցելել: Նախապատրաստական աշխատանքի ընթացքում բոլոր նրբությունները հաշվի են առնվել: Ինչպես վատ ուսանողը քննությունից մի քանի ժամ առաջ է պատրաստվում. մարդիկ սկսեցին նոր հաշվել, թե ինչ է տեղի ունենալու իրենց եկամուտների հետ»,- նշեց Տիգրան Սարգսյանը:


Նա ասաց, որ այլընտրանք չունենք` սերունդների համերաշխության սկզբունքից մենք հրաժարվում ենք: «Այսօրվա թոշակային համակարգը արդար համակարգ չէ: Պետությունն ասում է` սիրելի' երիտասարդներ, դուք պետք է կուտակեք, որ անցնեք ապահով ծերություն: Տրամաբանությունը շատ պարզ է, սա լավագույն լուծումն է»,- հավաստիացրեց վարչապետը:


Նա վստահ է, որ համակարգի ներդրման հարցում հաջողություն ենք ունենալու եւ կրկին  ԱՊՊԱ-ի օրինակը բերեց, որը քննադատում էին, բայց տեսանք, որ լավն է:


Խոսելով կուտակային ֆոնդի կառավարիչների մասին` վարչապետն ասաց, որ խաղի կանոնները սահմանված են ՀՀ օրենսդրությամբ եւ համապատասխանում են միջազգային լավագույն փորձին, որն է` ապահովել հուսալիությունը, հետևել, որպեսզի այն հիմնադրամները, որոնք այսօր արտոնագրեր են ստացել, համապատասխանեն չափորոշիչներին:


Ուշագրավ է, որ Տիգրան Սարգսյանը չկարողացավ տեղեկություններ տրամադրել, թե,  ի վերջո, որոնք են կենսաթոշակային միջոցների կուտակման երկու կառավարիչները, միայն նշեց, որ նրանք բարձր վարկանիշ ունեն, եւ որ նախարարները հավելյալ տեղեկություն կտրամադրեն:


Անդրադառնալով ռիսկերին` Տիգրան Սարգսյանն ասաց. «Հավանականությունը, որ կկորցնեք ձեր կուտակած գումարը, մոտ է զրոյի»: