կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-31 16:01
Հասարակություն

Թամադայություն եմ արել, ներկայացումս բեմադրել, որևէ մեկից գումար չեմ աղերսել. Թոխատյանը՝ «Երկիր ծիրանի»-ին

Թամադայություն եմ արել, ներկայացումս բեմադրել, որևէ մեկից գումար չեմ աղերսել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ արձագանքելով «Երկիր ծիրանի»-ի այն պիտակավորմանը, թե Թոխատյանը «գավառական թամադա» է:

Դերասանը նշեց, որ, հավանաբար, իրեն այդ բնորոշումը տվողները միայն քեֆերին են իրեն տեսել, դրա համար են այդպես ասում:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստում որոշվեց Կանազի մշակութային պալատը 10 տարի ժամկետով տրամադրել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին, ով այնտեղ թատրոն հիմնադրելու նպատակ ունի:

«Եթե ավագանին չհամաձայներ շենքն ինձ 10 տարով տալուն, ես իմ բակում կհիմնեի մանկական ստուդիա, քանի որ մեզ պետք է ունենալ մանկական թատրոն, պետք է իմ ներկայացումների համար սրահ ունենամ: Լավագույն դեպքում՝ 5 տարին մեկ եմ ներկայացում բեմադրում, և ես ինձ ափսոսում եմ` որպես դերասան, ուզում եմ տարին երկու ներկայացում բեմադրել: Վարձակալությամբ բեմ վերցնելը թանկ հաճույք է, ինչի համար պետք է լինում նաև տոմսերը թանկացնել, բայց ես չեմ ուզում իմ ներկայացումների տոմսերը թանկացնել»,- ասաց Թոխատյանը:

Նա նշեց նաև, որ Կանազի վերանորոգման աշխատանքները կսկսվեն հենց վաղվանից:

Հարցին, թե իրեն չի՞ կաշկանդում այն, որ ավագանու անդամներից շատերն ասում էին, որ վերահսկելու են, թե ինչ է անելու շենքի հետ, Թոխատյանը պատասխանեց, որ ինքն իրականում ավելի ուրախ կլինի, եթե փորձեն միջամտել ու օգնել իրեն: «Կարծում եմ՝ նրանց մեջ կլինեն ֆինանսիստներ, այլ մասնագետներ, թող գան ու միասին ինչ-որ բան անենք»,- ասաց նա:

Հարցին, թե, ներկա լինելով Երևանի ավագանու նիստին, արդյո՞ք նոր ներկայացման սցենար չեկավ մտքին, դերասանը պատասխանեց, որ, ցավոք, նման բաներ բոլոր տեղերում են կատարվում: «Նոր սցենարների համար, բարեբախտաբար ու ցավոք, այնքան լայն դաշտ կա: Որևէ տեղ կարող ես գնալ ու սցենար գտնել, ցավում եմ դրա համար»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: