Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բաց նամակ է հղել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին:
Բաց նամակում ասվում է.
«Հարգելի տիկին Մարմսոլեր,
Սույն թվականի նոյեմբերի 21-ին Դուք հանդիպել եք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին, ում հետ զրույցի ժամանակ Դուք նաեւ անդրադարձել եք տարածաշրջանում հակամարտության կարգավորման եւ խաղաղության հաստատմանն ուղղված՝ Աննա Հակոբյանի կոչին, որը Ձեր կողմից ողջունելի քայլ է համարվել:
Մենք գնահատում ենք Ձեր պատրաստակամությունը եւ աջակցությունը հայ կանանց եւ մայրերին, բայց ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում կան կանայք եւ մայրեր, ովքեր խաղաղության հաստատման վերաբերյալ ունեն այլ մոտեցումներ եւ պատկերացումներ:
Պատերազմի բովով անցած, այդքան տառապանք ու ցավ տեսած յուրաքանչյուր կնոջ եւ մոր համար, ովքեր կորցրել են զավակ, ծնող, ամուսին կամ հարազատ՝ խաղաղությունը միակ նպատակն է՝ մենք չենք ուզում պատերազմ, մենք խաղաղության կողմնակիցն ենք, բայց մեզ համար շատ կարեւոր է, թե ի՞նչ գնով է մեզ տրվում կամ, միգուցե, պարտադրվում այդ խաղաղությունը:
Խաղաղությունը չեն աղերսում, չեն խնդրում, այլ նվաճում են:
Կարծում եմ՝ Դուք քաջատեղյակ եք, որ հայ ժողովուրդը ոտքի ելավ հանուն իր իրավունքների եւ տարածքների ամբողջականության վերականգնման:
Այս պատերազմը ազգային ազատագրական պայքար էր, որը հայկական կողմի իրավունքների լիարժեք վերականգնում չապահովեց: Մենք ունեցանք կորուստներ՝ մարդկային, տարածքային եւ նյութական, ունեցանք շուրջ 800 հազար փախստականներ:
Այսքանով հանդերձ, հարգելի տիկին Մարմսոլեր, մենք գտնում ենք, որ Ձեր ջանքերը, Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակում, ապարդյուն են: Տիկին Աննա Հակոբյանի՝ վերը նշված նախաձեռնությունը զուտ ինքնիրավչություն է: Մենք, ինչպես Արցախյան ազատամարտի ժամանակ, այնպես էլ՝ այսօր, պատրաստ ենք դիմակայել բոլոր տեսակի մարտահրավերներին՝ անկախ նրանից՝ կլինեն խաղաղ բանակցային, թե զինված պայքարի միջոցով:
Ուստի մեկ անգամ եւս հաստատում ենք՝ ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ որեւէ այլ անձ հայ կանանց անունից լիազորված չէ խաղաղություն աղերսելու»: