կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-24 17:20
Հասարակություն

Նախագահը հստակ հրահանգ է տվել` ԶՈՒ-ի զարգացման յոթնամյա ծրագիր մշակել. Վիգեն Սարգսյան

Նախագահը հստակ հրահանգ է տվել` ԶՈՒ-ի զարգացման յոթնամյա ծրագիր մշակել. Վիգեն Սարգսյան

«Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթ ունեցավ հիմնական զեկուցող` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկման համար և' ԱԺ-ում, և' հանձնաժողովում, իսկ մինչ այդ` հանրային քննարկումների համար տարբեր խմբերի հետ: Նախարարն ընդգծեց, որ դա շատ կարևոր է, և դրանից միայն օրենքն է շահում:

Սարգսյանը նշեց, որ հասկանում է` գերծանրաբեռնվածությունը կարող է թույլ չտալ բոլոր մանրամասներին ծանոթանալ մինչև քննարկումը, դա ևս նորմալ է, և հարցուպատասխանը դրա համար է: Ապա դիմեց Նիկոլ Փաշինյանին` ասելով, որ նրա բարձրացրած խնդիրները մանրամասն նկարագրված են օրենքի նախագծում:

«Ինչ վերաբերում է ձեր առաջարկին` գլխավոր շտաբի պետի` ձեր առաջարկած մոդելին, դա հետաքրքիր մոդել է, բայց դրա քննարկման փուլը սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ էր: Գլխավոր շտաբի պետի ընտրությունը ԱԺ լիազորությունների մեջ ոչ մի կերպ մտցված չէ, հետևաբար` նույնիսկ եթե մենք շատ ուզենք, դա անել չենք կարող, և խնդիրն այստեղ ոչ թե դժոխքի կամ դրախտի, այլ ընդամենը սահմանադրական իրավունքի դաշտից է»,- ասաց նախարարը:

Էդմոն Մարուքյանի առաջարկին էլ, որ բանակը գնումները պետք է կատարի բացառապես հայրենական արտադրանքից, նա արձագանքեց. «Գնումները մենք իրականացնում ենք «Գնումների մասին» օրենքով: Պետք է ուրախացնեմ բոլոր պատգամավորներին` հայրենական արտադրանքը գերակշիռ մեծամասնություն է կազմում այդ գնումներում, և դա, որպես քաղաքականություն, համընկնում է իշխանության և ընդդիմաության մոտեցումների հետ»:

Ըստ Սարգսյանի` այն, ինչ հնարավոր է գնել հայրենական արտադրողից, պետք է գնել հայրենական արտադրողից` հաշվի առնելով մրցակցային պայմանները:

Ինչ վերաբերում է ՌԱՊԿ-ին, ապա իրենք գտնում են, որ կա հեռանկար: «Ցավում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի տեսնում այդ հեռանկարը: Համաձայն ենք նրա հետ, որ ֆինանսավորումը պետք է ավելացնել: Եթե բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ պատգամավորները լրացուցիչ միջոցներ հայթայթելու տարբերակ ունենան ՌԱՊԿ-ի համար, երկու ձեռքով կողմ կլինենք»,- հայտարարեց Սարգսյանը:

Նախարարն ընդգծեց, որ ՌԱՊԿ-ի զարգացման հետ կապված երկու մոտեցում ունեն: «Մեկը բարձր տեխնոլոգիական այն մեթոդներն են, որտեղ ունենք մրցակցային լուրջ առավելություն: Երկրորդն այն է, որ ճանապարհների փակվելու դեպքում մենք ունենք զինատեսակներ, որոնց դուբլիկացիան իմաստավորված է ռազմավարական պաշարների առումով, թեև մենք փորձում ենք դա անել` պաշարներ կուտակելով, պատերազմական ժամանակվա հաստիքներով սպառազինության բավականաչափ պաշար ունենալու հեռանկարով»,- բացատրեց նա:

Սարգսյանն ընդգծեց, որ այսօր նախագահը հստակ հրահանգ է տվե` մշակել յոթնամյա ծրագիր զինված ուժերի զարգացման, այդ թվում` արդիականացման վերաբերյալ: «Հատուկ շեշտադրում արեց սպառազինության, ռազմական տեխնիկայի արտադրության, ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման վրա և այդ կոնտեքստում կարևորեց արտահանման հնարավորությունների կարողությունների զարգացումը` տեխնոլոգիական առումով: Մենք անպայման  շարունակելու ենք աշխատանքն այդ ուղղությամբ և ունենալու ենք դրական ներազդեցություն մեր անվտանգության մակարդակի բարձրացման վրա»,- ասաց նա:

Այնուհետև նախարարը կոչ արեց բոլոր խմբակցություններին` կողմ քվեարկել այս օրենսդրական նախագծին, և նշեց, որ սա չափազանց կարևոր օրենք է` մեր պաշտպանությունը ճիշտ կառուցելու համար: