կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-23 15:47
Հասարակություն

Հարցերի հարցն այն է՝ մարտի 1-ի գիշերը ո՞վ է հրահանգ տվել ցրել ցուցարարներին. Արամ Սարգսյան

Հարցերի հարցն այն է՝ մարտի 1-ի գիշերը ո՞վ է հրահանգ տվել  ցրել ցուցարարներին. Արամ Սարգսյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը «Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ներողություն խնդրեց զոհերի հարազատներից:

«Ուզում եմ ներողություն խնդրել զոհվածների հարազատներից թեկուզ հենց նրա համար, որ ես իմ ծնողի, զավակների կողքին եմ, իրենք՝ ոչ: Խնդրում եմ` ներեք մեզ»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ մարտի 1-ի դեպքերին անդրադառնալու գործընթացի ամբողջ ընթացքում ուղեղում մի հարցազրույց է պտտվում, երբ գործող նախագահն ասաց, որ քանդել է պետք է անվստահության պատը:

«Դատախազության ներկայացուցիչների` այստեղ հնչեցրած ելույթները լսելով՝ տպավորություն ունեմ, որ դատախազությունը կա'մ չի կատարում գործող նախագահի հրահանգը, կա'մ գործող նախագահն ասել է՝ ես ասում եմ ասելու համար, բայց դուք արեք այնպես, ինչպես քեֆներդ տալիս է, որովհետև այդպես չեն քանդում: Ենթատեքստից ամբողջությամբ կտրված նյութ են տալիս, որում փորձ է արվում ներկայացնել որպես զուտ խուլիգանական արարք. մարդկանց ինչ-որ մի խումբ 15-20 հազարով մնում էին այնտեղ, որպեսզի խուլիգանություն անեն»,- նշեց Սարգսյանը:

Նա հիշեց, որ մարտի 5-ին իրեն ներկայացվել է մեղադրանք, և ինքը ներգրավվել է որպես մեղադրյալ բոլոր հանցանքների համար՝ պետական հեղաշրջում՝ մարդկանց կյանքին վնասող հանգամանքներով:

«Կանչվեցի հարցաքննության: Թե ինչ էր կատարվում այդ ժամանակ դատախազությունում, չեմ ուզում հիշել, որովհետև դա նման էր մի կոնվեերի, որն ուղղակի գործեր էր տպում: Ինձ գոնե, որպես նախկին վարչապետի, արտահերթ էին քննում, մնացածին ուղղակի սպասեցնում էին էնքան՝ մինչև շունչները կտրվի: Դա, իրոք, հոսքագիծ էր: Մի քանի անգամ հարցաքննելուց հետո ինձ մոտեցավ հատուկ քննչական ծառայության պետը, ով շատ քաղաքավարի ասաց՝ խնդրել են Ձեզ փոխանցեմ, որ Ձեզ չեն ձերբակալում, որովհետև Վազգեն Սարգսյանի եղբայրն եք, կրկնվելու դեպքում այդ հանգամանքը հաշվի չի առնվի: Մյուս ընկերներիս ձերբակալեցին»,- պատմեց Արամ Սարգսյանը:

Ըստ նրա` այս իշխանության քննչականի գործելակերպը հենց այդպիսին է, դրա համար էլ երկիրը լքում են, դրա համար արտագաղթ կա:

«Ես, իհարկե, համապատասխան պատասխան տվեցի և ասացի` խնդրում եմ` կփոխանցեք նման հորդոր անողին, բայց խնդիրը դրանով չլուծվեց, չէ՞, իհարկե, չլուծվեց. այս խնդիրները լուրջ քննության, լուրջ անդրադարձի կարիք ունի: Ուզում եմ այստեղ բոլոր նստածներին դիմել՝ ուզո՞ւմ ենք այդ անհասկացվածության պատը քանդել, թե՞ ուղղակի մեր դիրքերում հնարավորինս խրամատավորվում ենք ու ուզում այդ խրամատի մեջ մնալ ու հարցերին չպատասխանել»,- ասաց պատգամավորը:

Սարգսյանը նշեց, որ իր համար հարցերի հարցն է, թե մարտի 1-ի գիշերը ո՞վ է հրահանգ տվել ցրել ցուցարարներին: «Որովհետև ամսի 26-ից հետո ցուցարարների թիվը պակասում էր, և 5-10 օր էլ այնտեղ մնալով, մենք՝ կազմակերպիչներս, խնդիր էինք ունենալու՝ ինչպե՞ս արդարանանք հավաքվածների մոտ: Թողնեին մեկ շաբաթ էլ, այդ խնդիրը ինքն իրեն էր լուծվելու, արդյո՞ք դա քաղաքական նկատառում ունե՞ր, թե՞ ոչ»,- հարցրեց նա:

Պատգամավորն առաջարկեց, որ հերոսացնել մարտի 1-ի զոհերի գործողությունները , հակառակ դեպքում, ըստ նրա, մեր ժողովուրդը հերոսացնում է նրանց, ովքեր զենքով են նման բան անում: