Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշման նախագիծ, ըստ որի` կառավարությունը Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների փորձնական ծրագրեր կիրականացնի՝ գործազուրկների ժամանակավոր զբաղվածություն ապահովելու նպատակով: Այդ նպատակով հատկացվելու է 60 միլիոն 600 հազար դրամ:
Մինչեւ 2015 թվականի նոյեմբերի 10-ը համայնքների ղեկավարները պետք է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ներկայացնեն ընթացիկ տարվա ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման առաջարկություններ` պատշաճ հիմնավորմամբ եւ ժամանակացույց՝ նշելով աշխատանքների իրականացման առաջարկություններ ներկայացրած համայնքի անվանումը, համայնքում իրականացման ենթակա աշխատանքների բնույթը, դրանց սկիզբն ու ավարտը, հատկացվող ֆինանսական միջոցների չափը:
Ոլորտներն են՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների տարածքների բարեկարգում, միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, լուսավորության ապահովման, սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման աշխատանքները, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման օժանդակ աշխատանքներ, պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքներ եւ այլն: Վարձատրվող հասարակական աշխատանքները առաջնահերթության կարգով կիրականացվեն Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում: Փորձարկվող ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը կտրվի աշխատաշուկայում անմրցունակ անձանց: Օրինակ՝ սոցիալական նպաստ ստացողներին, երկու եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցողներին, եւ այն ընտանիքների անդամներին, որտեղ առկա է հաշմանդամություն ունեցող անձ: Փորձարկվող ծրագրի առավելագույն տեւողությունը երկու ամիս է, վերջնաժամկետը՝ այս տարվա դեկտեմբերի 30-ը:
Մեկ աշխատանքային օրվա համար սահմանված վճարը սահմանվել է յոթ հազար դրամ, ներառյալ` հարկերն ու սոցվճարը: Յուրաքանչյուր առանձին ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 2 միլիոն դրամը՝ աշխատավարձերի վճարման, ինչպես նաեւ շինանյութեր ձեռք բերելու, տեղափոխելու եւ աղբահանության համար:
Ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը կատարելու համար տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ծրագրի արժեքի 30 տոկոսը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս ծրագիրը մեկ քայլ է Տավուշի մարզում գործազրկությունը մեղմելու, մարդկանց աշխատանքով ապահովելու համար: «Եթե այս ծրագիրը իրեն արդարացնի, կշարունակենք»,- ասաց վարչապետը: