Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-10-10 13:56
Քաղաքական

ԵՄ-ն ՀՀ-ին 80 մլն դոլար կտրամադրի համայնքների զարգացման համար. Դավիթ Լոքյան

ԵՄ-ն ՀՀ-ին 80 մլն դոլար կտրամադրի համայնքների զարգացման համար. Դավիթ Լոքյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր նախարարության 9 ամսվա գործունեությունն ամփոփելիս ներկայացրեց նաև ներդրումային ծրագրերը և նշեց, որ տասը միլիոնի ծրագրեր  են նախատեսված:

Նա հայտնեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ համայնքների տնտեսական զարգացման ծրագրեր են լինելու 15 միլիոն դոլարի շրջանակներում, և ծրագրի  առաջին կանգառը Շիրակի մարզն է:

«Ընդհանուր 15 մլն դոլարի 30 %-ն ուղղվելու է սոցիալական ծրագրերին` մանկապարտեզ, առողջապահական կենտրոն և այլն, իսկ 7%-ը պետք է ուղղվի միայն տնտեսական ծրագրերին: Ժամանակն է,  որ մենք համայնքներում ունենանք ուժեղ տնտեսություն»,- ընդգծեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ ինստիտուցիոնալ բարեփոխումները և պետության արտաքին քաղաքականության վեկտորը առաջիկայում ապահովելու են լուրջ ֆինանսական հոսքեր նաև ԵՄ-ից: «Շուրջ 26 մլն դոլար կտրամադրվի համայնքներում տնտեսական ծրագրերի իրականացման խնդիրների լուծման ուղղության համար և 54 մլն դոլարի չափով` փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ուղղությամբ: Սա կլինի նոյեմբերի 13-ին Բրույսելում ստորագրվող ՀՀ-ԵՄ համապարփակ  փաստաթղթի ստորագրման արդյունքում»,- ասաց Լոքյանը, ապա հայտնեց, որ նախնական տարբերակներն արդեն ստացել են:

Ըստ նախարարի` այս միջոցները ստանալու և համայնքներին ուղղելու խնդիրներ ունենք: Նախարարը հայտնեց, որ ԵՄ-ն այդ գումարները կտրամադրի, եթե կատարվեն իրենց պայմանները:  «Պայմաններ են դրել, որոնք պետք է կատարենք: Առաջին պայմանը համայնքների ֆինանսական ծախսերի և մուտքերի կանոնակարգումն է, դրանով մենք զբաղվելու ենք: Մենք ունենք շատ աննորմալ երևույթ` պետությունը հարկատուներից հավաքում է շուրջ 50 մլրդ դրամի չափով գումար և այն ուղղում  համայնքներին` որպես դոտացիա:  Համայնքներ ունեք, որ այդ գումարը ծախսում են գործառույթների վրա, որոնց համար պետք է իրենք վճար գանձեն, և բյուջետային մուտքեր ունենանք»,- հայտնեց նախարարը:

Ըստ նրա`  համայնքների հետ աշխատելու են հետևյալ սկզբունքով` կհավաքես շատ, կանես քո պարտականությունները, պետությունն ավելին կտրամադրի ձեզ: «Բյուջետային կարգապահությունը 2018 թվականի թիվ մեկ խնդիրն է դառնալու մեր ոլորտի համար: Սա չափանիշ է, որ մենք պետք է ապահովենք և չզրկվենք այն միջոցներից, որոնց մենք չարչարանքով հասել ենք: Դրա համար մենք ռազմավարություններ ենք ստեղծել, որ հասնենք այդ խնդրի լուծմանը»,- եզրափակեց Լոքյանը: