Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց, թե ինչ խնդիրներ պետք է լուծի նախարարությունը իրեն հատկացված բյուջեով: Նա նշեց, որ առանցքային խնդիրը տարածքներում և բուն համայնքներում տնտեսական զարգացման առաջին քայլերի իրականացման գործընթացն է:
«Մենք պետական բյուջեից ունենք 48 մլրդ դրամի ուղղակի հատկացում համայնքներին` որպես ֆինանսական համահարթեցման գործոն` դոտացիաների տեսքով: Այս միջոցը փորձելու ենք արդյունավետ օգտագործել: Համայնքներում պետք է տեսնենք նոր աշխատատեղեր»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` կառավարությունը համայնքներին գումար տրամադրելու իր մոտեցումը փոխել է: «Ամեն տարի շուրջ 50 մլրդ տրամադրում ենք համայնքներին, բայց չենք ֆիքսում, թե ինչ արդյունք պետք է ունենանք: Այդ պատճառով էլ հատկացումները վարչական ծախսերի տեսքով իրացվում էին համայնքներում, և մենք արդյունք չէինք տեսնում, չէինք ունենում կապիտալ ներդրումներ»,- ասաց Լոքյանը, ապա նշեց, որ ամենափոքր խնդիրն էլ եթե ծագում է համայնքում, կառավարությունը տեղյակ է լինում և լուծում այն:
«Վարչական ծախսերը համայնքներում հասնում են մինչև 70%-ի, և հերթը ներդրումներին չի հասնում: Կառավարությունը փոխել է այս մոտեցումը: Մենք այս տարի ներդրել ենք բազմագործոն դոտացիաների տրամաբանությունը, որի արդյունքում 0-ից մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող համայնքներն ավելի շատ դոտացիա պետք է ստանան, քանի որ նրանք ավելի շատ խնդիրներ ունեն»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` պետական բյուջեի միջոցների ուղղվածությունը համայնքներ իրականացնելու են համայնքի տարեկան զարգացման պլանով: «Համայնքը պետք է իր սեփական միջոցով մասնակից լինի այդ ծրագրերի իրականացմանը, որի դեպքում էլ պետությունից գումար կստանա: Կունենա 100 մլն դրամ, պետությունն այդ 100 մլն-ը կավելացնի, որպեսզի տվյալ համայնքը ծրագրային որևէ քայլ իրականացնի»,- ասաց Լոքյանը:
Նա հայտնեց, որ տարածքների համաչափ զարգացման հայեցակարգում շուրջ 45 համայնք Տավուշի մարզում ծրագրային օժանդակություն է ստանում միջազգային կազմակերպություններից և բյուջեի համաֆինանսավորմամբ: Նախարարը նշեց, թե ինչ ծրագրեր են իրականացվել այդ միջոցներով: Նա տեղեկացրեց, որ շուրջ 200 ծրագիր էլ նախապատրաստվում են իրականացնել 2018-ին:
«Պետական օժանդակության չափը շուրջ 1 մլրդ դրամ է լինելու, մնացած օժանդակությունը հիմնականում օտարերկրյա պետությունների և բարեգործական կազմակերպությոնների միջոցով են»,- ասաց Լոքյանը:
Ըստ նախարարի` այս պահին տարածքների համաչափ զարգացման կոնցեպտում սկսել են 8 ծրագրի իրականացում, որից առաջինը Սյունիքի մարզի Կապան քաղաքում է: «Փոքր գործարան է հիմնվում, որը պետք է պլաստմասսայե թափոնների և ավազի խառնուրդից արտադրի կղմինդր, բետոնե սալիկներ»,- նշեց նա:
Լոքյանը նաև հայտնեց, որ աճի բևեռի քաղաքների զարգացման ծրագիր ունեն, որի մեջ մտնում է շուրջ 10 քաղաք: «Այդ քաղաքները երկրում պետք է ունենան գրավիչ պատկեր: 3,4 մլրդ դրամ ենք հատկացրել այդ ծրագրի իրագործմանը»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը նախարարը նշեց, որ ծախսերն ուղղվելու են համայնքների զարգացմանը, աշխատատեղերի բացմանը: Ըստ նրա` տարեվերջում հաշվետվություն պիտի տան` ինչ քանակի աշխատատեղ են ստեղծել, և ինչքան է ավելացված արժեքը համայնքներում: