կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-29 13:15
Հասարակություն

Հետևողականության արդյունքում 2025թ. լուծած կլինենք տարածքների համաչափ զարգացման խնդիրը. Դավիթ Լոքյան

Հետևողականության արդյունքում 2025թ. լուծած կլինենք տարածքների համաչափ զարգացման խնդիրը. Դավիթ Լոքյան

Այսօր` կառավարության նիստից հետո, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց նախարարության հիմնական միջոցառումները` նախատեսված 2018թ.-ին: Առաջին խնդիրը, որը դրվել է բոլոր մարզպետերի առաջ, այն է, որ 1 շնչին բաժին ընկնող սեփական եկամուտները պետք է բարձր լինեն 10 հազար դրամից: 2017-ին այդ թիվը եղել է 7100 դրամ:

Լոքյանի խոսքով` դա նշանակում է, որ համայնքը պետք է ունենա մեծ եկամուտներ ու ինքնուրույն իրականացնի ծախսեր տարաբնույթ ուղղություններով` համայնքային խնդիրներ լուծելու համար: Ամենաառանցքային խնդիրներից է նաև ներդրումային ծրագրերի հարցը: Լոքյանը նշեց, որ 2017-ին ներդրումային ծրագրերի արդյունքում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է 300 դոլարով:

«Սա շատ մեծ թիվ է, և մենք պետք է փորձենք այն պահպանել: Քննարկումների արդյունքում ֆիքսվել է, որ 2018թ.-ին մարզերում իրականացվող ներդրումները պետք է կազմեն շուրջ 400 միլիարդ դրամ: Դա լուրջ ցուցանիշ է, եթե մենք կարողանանք այն ապահովել»,- ասաց Լոքյանը:

Համայնքները, առանց Երևան քաղաքի, 1 միլիարդ 500 միլիոն դրամի ավելի հավաքագրում են իրականացրել` համեմատած 2017-ի հետ: Այդ միջոցները կուղղվեն համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը: Այս հետևողականության, ռազմավարությունների, պլանավորման արդյունքում համայնքները կմշակեն իրենց խնդիրները` տարվա վերջում չափելի հաշվետվություն ներկայացնելով: Դրանով պարզ կդառնա, թե տվյալ համայնքը կամ մարզը ինչպես է աշխատել: Իրականացված աշխատանքների արդյունքում հասել են նրան, որև համայնքներնայսօր կարողանում են կառավարություն ներկայացնել 43 սուբվենցիայի ծրագրեր, որոնք վերաբերում են գյուղական համայնքների ասֆալտապատմանը, ջրագծերի, մանկապարտեզների կառուցմանը, լուսավորության անցկացմանը և այլն: 

«Հետևողականության արդյունքում, ես համոզված եմ, 2025թ. լուծած կլինենք  տարածքների համաչափ զարգացման խնդիրը»,- ասաց նախարարը: